ԱՄՆ ռազմական ավիացիայի օդաչուները պնդում են, որ «գերձայնային արագությամբ» տեղաշարժվող գնդաձև ՉԹՕ-ներ են նկատել

23:13 • 28.05.19

ԱՄՆ ռազմածովային ավիացիայի օդաչուները հայտնել են, որ գերձայնային արագությամբ թռչող և երկնքում բարդ հնարքներ կատարելիս ՉԹՕ-ներ (չբացահայտված թռչող օբյեկտ) են նկատել Միացյալ Նահանգների արևելյան ափերի մոտ: Ինչպես հաղորդում է Insider-ը, այս մասին The New York Times-ը հաղորդել է կիրակի:

Մի քանի օդաչուներ հայտնել են պարբերականին, որ իրենք ՉԹՕ-ներ են տեսել 2014-2015 թթ.-ին և այդ մասին տեղյակ են պահել իրենց ղեկավարությանը:

ՉԹՕ-ն երկնքում երևացող անբացատրելի երևույթների տեխնիկական դասակարգումն է: Օդաչուները չեն պնդում, որ իրենց տեսած օբյեկտներն այլմոլորակային բնույթի էին, իրականում ՉԹՕ-ներից շատերը տրամաբանական բացատրություն են ունենում: Ըստ օդաչուների՝ այդ օբյեկտներն ամեն օր էին երևում ամռան ամիսներին:

Ըստ աղբյուրի՝ օդաչուները հայտնել են, որ շարժիչ հիշեցնող ոչինչ չեն նկատել երկնային օբյեկտներում, սակայն դրանք գնդաձև էին, կարող էին հասնել 9000 մետր բարձրության և տեղաշարժվել գերձայնային արագությամբ: