Արցախից չեն հստակեցնում՝ Մայիսի 28-ը Հայաստանում տոնելու հրավեր ստացե՞լ են. ՀՀ կառավարությունից պատասխանում են՝ հրավերի կարիք չկար
Առաջին Հանրապետության տոնական միջոցառումներին Արցախից պատվիրակություն ներկա չի եղել: Tert.am-ը պատճառները ճշտելու համար զրուցել է Արցախի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանի հետ:
«Ես մի պահ հեռուստացույցով դիտեցի միջոցառումները, նկատեցի, որ Արցախից պատվիրակություն չկա, բայց կոնկրետ ինֆորմացիա չունեմ՝ դրա հետ կապված: Չգիտեմ՝ հարվեր եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա:
Բալայանը նշեց, որ սովորաբար, եթե հրավեր լինում է, այն գնում է նախագահական, ապա որոշվում է պատվիրակության կազմը:
Հարցին՝ նախորդ տարիներին հրավեր եղե՞լ է, Բալայանը պատասխանեց. «Նախորդ տարիներին այդ ձևով է եղել: Հրավիրում էին, իշխանությունները ձևավորում էին պատվիրակություն, օրինակ՝ 15 պատգամավոր, երեք հոգի ազատամարտիկների միությունից, 4 հոգի կառավարությունից ու մասնակցում էին: Նախկինում այդպես էր, հիմա չեմ կարող ասել»,- նշեց նա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ Tert.am-ին ասաց, որ մայիսի 28-ին Արցախ էին ժամանել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները: «Ես նախագահ Բակո Սահակյանի մասով կարող եմ ասել. մայիսի 28-ին Արցախ էին ժամանել ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահները, մենք հանդիպում ենք ունեցել այստեղ: Համանախագահները հանդիպել են ոչ միայն նախագահի, այլ նաև պաշտպանության նախարարի, ԱԳ նախարարի հետ»,- ասաց Բաբայանը և նշեց, որ մնացած հարցերը պետք է ճշտել այստեղից՝ Հայաստանից:
Մեր ճշտող հարցին՝ նախկինում մայիսի 28-ի միջոցառումներին մասնակցելու համար Արցախը հրավիրվե՞լ է, նա կրկին նշեց, որ այդ հարցերը տեղից ճշտենք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց. «Արցախից Հայաստան գալու, որևէ միջոցառման մասնակցելու համար, հրավե՞ր է պետք: Ե՞րբ է եղել այդպես կարգը՝ 2015,16, 14 թվականներին հարվե՞ր է եղել»:










