Մեծ վերապահումներ ունեմ, բայց թող իրենց առաջարկները ներկայացնեն. Ալեն Սիմոնյանը՝ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների պահանջների մասին (տեսանյութ)

15:58 • 29.05.19

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ–ի դիմաց «Գուդվին» ընկերության աշխատակիցների իրականացրած բողոքի ակցիային, ասաց, որ խոսքն խաղային ապարատների մասին է, որտեղ մենաշնորհ ունի կոնկրետ այդ ընկերությունը:

«Նրանց խնդրանքն այն է, որ ժամկետը երկարացվի, որի հետ կապված ես անձամբ մեծ վերապահումներ ունեմ, բայց թող իրենք իրենց առաջարկները ներկայացնեն: Բայց դա նշանակելու է, որ մեր քաղաքացիներն ստիպված են լինելու տարբեր գազալցակայաններում և այլ վայրերում տեսնել այն խաղային ապարատները, որոնք որ կան և որոնք, ըստ իս, չարիք են և մարդկանց կողոպտում են»,- ասաց նա:

«Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցներն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին չեղարկել Ալեն Սիմոնյանի հեղինակած և ԱԺ օրակարգ մտած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Երևան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից:

Դիտարկմանը, թե ինչու է մեկ ընկերության հետ կապված սահմանափակում իրականացվում, եթե նպատակը խաղամոլությունը վերացնելն է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նպատակը  հասանելիությունը սահմանափակելն է: Մարդկանց մի մասին, որոնք դրսում հավաքված են, ես վստահ եմ, մոլորության մեջ են գցել: Իրենց ասում են՝ մենք կփակվենք, ձեզ էլ գործից կհանենք: Իրենք կահույքի սրահում են աշխատում, բայց ասում են, մենք կփակվենք, ձեզ էլ գործից կհանենք»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կողմ է դրան: «Ազգային ժողովում մենք ունենք կոնսենսուս, որևէ մեկը դեռ չի արտահայտվել ապարատների վերացմանը»,- ասաց նա:

Նա նշեց, որ իրենք պայքարում են խաղամոլության դեմ, ապա հավելեց, որ նախատեսում են բուքմեյքերական գրասենյակները փակել 2020 թվականի նոյեմբերին, և դա արդեն ընդառաջ քայլ է բողոքողներին:

Դիտարկմանը, թե իր հասցեին մեղադրանքներ է հնչում, որ դա արվում է «Վիվառոյի» շահերը պաշտպանելու համար, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Վիվառոյի» տերն իմ ընկերն է, բայց սա ավելի ձեռնտու է «Աջարաբեթ» ընկերությանը, որովհետև վերջինս ոչ մի գրասենյակ չունի, իսկ «Վիվառո Բեթը» գրասենյակներ ունի: Այս թեման անընդհատ շահարկվում է»,- ասաց նա: