Չեմ կարծում, որ ԵՄ-ն գնա փոփոխության․ Գագիկ Մակարյանը՝ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծման շուրջ խմորումների մասին

22:28 • 29.05.19

Մի քանի ամիս առաջ ԵՄ-ից ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպվել է ԵՄ պատվիրակության շենքում և ներկայացվել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ-ԵՄ անհամարձակությունների երկկողմանի պլատֆորմի ստեղծում:

Tert.am-ի հետ զրույցում մամուլում եղած լուրը հաստատեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ ճիշտ է նաև տեղեկությունը, ըստ որի, ԵՄ կողմից ներկայացված կառուցվածքի, պլատֆորմի անդամները երկու կողմից պետք է ունենան 9–ական մասնակից` 3-ը քաղհասարակության ներկայացուցիչներ, 3-ը` արհմիություններից և 3-ը` գործատուների կազմակերպություններից:

«Նախատեսվում է, որ այդ պլատֆորմն աշխատանքները պետք է սկսի մոտ 2021 թվականին: Այդ պլատֆորմը մեկ քննարկում, հանդիպում պետք է ունենա Հայաստանում, մեկ  հանդիպում եվրոպական մի երկրում: Այդ 18 հոգանոց պլատֆորմի նպատակը մոնիտորինգային դերակատարություն ունենալն է ԵՄ-Համաձայնագրի իրականացման վերաբերյալ: Մենք կարող էինք երեքն էլ մեր ճյուղային կառույցներից ներկայացուցիչներ առաջարկել, բայց կարծեցինք, որ լավ կլինի այնպես լինի, որ մեր գործընկերներն էլ ներկայացված լինեն: Առաջարկեցինք, որ լինեն Առևտրաարդյունաբերական պալատը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՀՀ-ԵՄ քաղհասարակությունների երկկողմանի պլատֆորմ ստեղծելու այս գործընթացում ներքին խմորումներ են առկա, և քաղհասարակությունների ներկայացուցիչները դժգոհ են առաջարկված ձևաչափից: Օրաթերթի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չէր հերքել, որ առաջարկված նման համամասնության շուրջ իսկապես քաղհասարակության ներկայացուցիչները վերապահումներ ունեն:

Նշենք նաև, որ մինչ հունիսի 13-ը պետք է հայտնի լինի այդ պլատֆորմի վերջնական կազմը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ իրենց հետ հանդիպումից հետո ԵՄ ներկայացուցիչները ցանկացել էին հանդիպել նաև այլ կառույցների՝ հ/կ-ների հետ, սակայն որոշները չէին էլ եկել: «Ստացվեց, որ հայկական կողմն ակտիվ չի եղել»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ դրանից հետո արտաքին գործերի նախարարությունում էլ է եղել քննարկում, և ինքը չգիտի, թե ինչու է հավաքը միայն քաղհասարակության ներկայացուցիչների համար եղել:

«Այնտեղ արհմիություններից և գործատուների միությունից ոչ ոք չի եղել: Եվ այդ հ/կ-ներից ընտրել են կազմակերպություններ, որոնք պետք է պարզապես հետևեն, որ այդ 9 հոգանոց պլատֆորմը ձևավորվի»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրությունը կանգ է առել «Երևանի մամուլի ակումբի» և «Բաց հասարակություններ հիմնադրամի» վրա:

Գագիկ Մակարյանը, անդրադառնալով հ/կ-ների դժգոհությանը, որ վերոնշյալ պլատֆորմում իրենք քիչ են ներկայացված, որ արհմիությունները, գործատուների միությունը կայացած չեն, միշտ եղել են իշխանությունների հետ սերտաճած, նշեց․ «Մենք ինտեգրված չենք եղել իշխանություններին, և հակառակը, միշտ օպոնենտ ենք եղել: Մենք անգամ մեկ դրամի համար ոչ մի անգամ կառավարության չենք դիմել, չենք ստացել: Մենք լրիվ անկախ մարմին ենք»,- ասաց նա:

Պլատֆորմի մոդելը, ըստ Գագիկ Մակարյանի, արդեն ԵՄ-ն որոշել է, եթե պետք է փոխեն հայաստանյան մասի կառուցվածքը, ավելացնեն այստեղ հ/կ-ների թիվը, ապա ստիպված կլինեն դա անել նաև եվրոպական մասի դեպքում: «Չեմ կարծում, որ ԵՄ-ը գնա փոփոխության»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանը նաև իր խոսքն ուղղեց այն կազմակերպություններին, որոնք իրենց են քննադատում․ «Ես ուզում եմ նաև նույն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հիշեցնել, որ եթե իրենք իրենց համարում են կայացած, թող հիշեն, որ իրենք առանց դոնոր կազմակերպությունների միջոցների մեկ օր անգամ չեն կարող գոյատևել, ի տարբերություն, մեր նման կազմակերպությունների: Խոսքս վերաբերում է հ/կ-ների մեծ մասին․ նրանք սեփական միջոցներ, անգամ սեփական գրասենյակներ չունեն»:

Ըստ նրա՝ հ/կ-ները դեռ չեն էլ որոշել, թե որոնք են իրենց միջից կազմելու պլատֆորմը: «Նրանք քննարկումների մեջ են, մինչև հունիսի կեսեր պետք է ներկայացնեն կազմը: Արդեն հունիսին ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի, բայց աշխատանքները կսկսեն 2012 թվականի սկզբից»,- ասաց նա: