Պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի. Լ. Մակունցը՝ Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությանը չհրավիրելու մասին

16:15 • 29.05.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հետաքրքրվել, թե ինչու էր իր քաղաքական թիմի անդամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ Ապարանում մասնակցում Բաշ Ապարանի ճակատամարտի 101-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Քննչական կոմիտեի նախին նախագահ Աղվան Հովսեփյանը, ում ներկայիս իշխանությունները մեկ անգամ չէ, որ մեղադրել են «Մարտի 1»-ը կոծկելու մեջ։

Լիլիթ Մակունցն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցին ավելի ստույգ կպատասխանի Տիգրան Ավինյանին գրասենյակը։

«Իրավիճակին իսկապես չեմ տիրապետում ու չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Հստակ պարզաբանում կտա Տիգրան Ավինյանի գրասենյակն ու մարզպետարանը։ Կարող եք դիմել՝ որպես չորրորդ իշխանություն և իմանալ, քանի որ ձեր իշխանությունը պակաս չէ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությունը մասնակցության հրավեր չէր ստացել, արդյո՞ք սա լարվածության արդյունք է, Լիլիթ Մակունցը պատասխանեց, թե այս հարցի պատասխանը պետական արարողակարգը պետք է տա։

«Ես սա լարվածության հետ չեմ կապի, իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ինչն է պատճառը, կարծում եմ՝ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- ավելացրեց Լիլիթ Մակունցը։