Օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում մեդալների բաժանում նախատեսված չէ. Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյանին Նազարբաևի մեդալ չտալու մասին
Մենք՝ որպես նախագահող երկիր, հաջողությամբ անցկացրել ենք նիստը, բոլոր փաստաթղթերը, համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ղազախստանում Նազարբաևի անվան շքանշանները շնորհվել են ՌԴ-ի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին, բացառություն է եղել ՀՀ վարչապետը:
«Օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել. օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում որևէ մեդալների բաժանում, պարգևատրում կամ այլ բան նախատեսված չէ»,- ասաց վարչապետի խոսնակը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները:
Նշենք, որ ավելի ուշ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Հանրային ՀԸ-ի «Լուրերի» հարցին ի պատասխան հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը, թե ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարներին տրվել են հուշամեդալներ, բացի Նիկոլ Փաշինյանից։










