Թվաց, թե իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով եմ անցել. Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ-ի կողմից չընտրվելու մասին

15:43 • 30.05.19

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված, սակայն ԱԺ-ի կողմից չընտրված Արթուր Վաղարշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ կայացած ընտրությանը:

Հիշեցնենք, որ պատգամավորները կողմ չէին քվեարկել նրա թեկնածությանը. 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին 88, կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 53, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:

Անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցածին՝ Արթուր Վաղարշյանը գրել է. «Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։  Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո»։

ՍԴ դատավորի թեկնածուն նշել է, թե ընտրել է մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։