Այդ գործելաոճը չի տեղավորվում մեր կուսակցության առաջնորդի սկզբունքների ու պատկերացումների մեջ. «Ազատ Հայրենիքը»՝ Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդելու մեղադրանքի մասին

10:19 • 30.05.19

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Սամվել Բաբայանի գրասենյակի» պնդմանը, թե  Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները:

Գրասենյակը «բանդայի» հովանավոր է համարել Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանին:

«Ազատ հայրենիք» կուսակցության հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը:

 Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն:

Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:

Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում»: