Ակցիայի մասնակիցները բացեցին միջպետական ճանապարհը. վաղը կկազմակերպվի հանդիպում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի ու նախարարի հետ (տեսանյութ, թարմացվող)

11:43 • 30.05.19

14։37

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը շարունակվում է փակ մնալ: Ցուցարարների հետ հանդիպեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ խնդիրն ինչ-որ կերպ լուծում կստանա:

«Երեկ փաստացի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը որևէ բան պարտք չէ քաղաքացիներին, շինարար ընկերություններին և պետք է իսպանական ընկերության՝ «Կորսան-Կորվիամ կոնստրուկսիոն»–ի հետ իրենց հաշիվները պարզեն: Ես այստեղ խնդիր եմ տեսնում, որովհետև մենք գործ ունենք 700 քաղաքացու հետ, որոնք աշխատում էին այս շինարարության վրա, և ովքեր հիմա ոչ միայն մնացել են անգործ, այլև արդեն պարտքերի մեջ, որովհետև հուսալով, որ ինչ-որ փուլում հետ կստանան իրենց փողերը, մարդիկ ունեցել են վարկեր, տարբեր պարտավորություններ և նոր վարկեր են վերցրել այդ ամենը փակելու համար, և գնալով այդ կրիզիսը մեծացել է նրանց մոտ»,- ասաց Գորգիսյանը:

Նա նաև հավելեց, որ սրան զուգահեռ կապալառու շինարարական կազմակերպությունները տեխնիկաներ են ձեռք բերել լիզինգով և այս ամիսների ընթացքում ստիպված են վճարել այդ լիզինգը ՝առանց որևէ եկամուտ ստանալու, և հիմա այդ 15 կազմակերպությունների մեծ մասը սնանկացման եզրին է:

Իսկ թե լուծումը ոնց  է պատկերացնում, Գորգիսյանն ասաց, որ «Կորսանն» առաջարկել էր լուծման տարբերակ, այն նամակով ուղարկել էր ենթակապալառու ընկերություններին, նաև կառավարության համապատասխան ՊՈԱԿ:

«Առաջարկում էին ամեն կատարված փուլի համար, երբ «Կորսանին» գումար կվճարվեր, դրա 10 տոկոսը պահվեր որպես դեպոզիտ՝ հետագա կամ ընթացիկ խնդիրները շտկելու համար: Նրանք առաջարկում էին այդ պահուստային, կուտակված միջոցների կեսը տրամադրել ենթակապալառու ընկերությունների համար պարտքերի մարմանը, մյուս կեսը պահել հետագա խնդիրները լուծելու համար, բայց Ավինյանը պատասխանեց, որ դա կարող է և ընդունելի չլինել, որովհետև միգուցե «Կորսանի» պարտավորությունները մեր պետության նկատմամբ ավելի մեծ լինեն»,- ասաց նա:

Ըստ Գորգիսյանի՝ Ավինյանի այս հայտարարությունը հերթական ահազանգը եղավ քաղաքացիների համար, և նրանք վախեցան, որ այլևս որևէ գումար չեն ստանալու և նրանք կարծեցին, որ կառավարությունը  լվանում է ձեռքերը սրանից, և գնացին ծայրահեղ քայլին:

«Ամեն ինչ գնում է նրան, որ ձեռքերը լվանում է կառավարությունը, և դրա համար են վախեցած մարդիկ: Նաև ունեն փորձ՝ «Հյուսիս-Հարավի» վրա ինչ-որ փուլում պարսկական ընկերություն է աշխատել, որը գումարների 1/3-ը վճարել է և փախել:

Նույն խնդիրը կարող է լինել «Կորսանի» հետ, որովհետև մայր ընկերությունը իսպանական ենթակապալառուների ներկայացուցիչների պնդմամբ սնանկացել է, այսինքն՝ այլևս գոյություն չունի, և միայն հայկական մասնաճյուղն է գործել և աշխատել: Հիմա հունիսի վերջ ավարտվում է պայմանագիրը հայաստանյան մասնաճյուղի հետ, և քաղաքացիները վախենում են, որ դրանից հետո որևիցե մի կոպեկ գումար չեն կարող ստանալ, ստիպված գնացել են այս ծայրահեղ քայլերին»,- նշեց Գորգիսյանը:

Պատգամավորը հավելեց, որ երեկ փոխվարչապետ Ավինյանին զգուշացրել է, որ մարդիկ ուզում են ծայրահեղ քայլերի գնալ, բայց կարծես թե դա այդքան էլ լուրջ չի ընկալվել: «Հաշվի առնելով, որ այսօր կառավարության նիստ էր, ես SMS եմ ուղարկել Ավինյանին, նա ասել է, որ տրանսպորտի և կապի փոխնախարար Բագրատ Բադալյանը կկապվի կապալառուների հետ, բայց նրանք չեն ուզում Բագրատին տեսնել, որովհետև ասում են՝ քանի ամիս է՝ գալիս է, կառավարության կողմից բաներ է խոստանում, բայց ոչինչ չի արվում, իրենք ուզում են հարց լուծող մարդու պատասխան: Սա է ամբողջ պահանջը, և որևէ մակարդակի այլ պատասխան չի եղել»,- եզրափակեց նա:

12:30

Իրավիճակը լարվել է Ուջանի հատվածում: Նշված ճանապարհով երթևեկող քաղաքացիները պահանջում են բացել ճանապարհը` նշելով, որ շտապ գործեր ունեն:

Ոստիկանության ծառայողներից պահանջում են բացել ճանապարհը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն ասում են՝ իրենց հարցը լուծելու միակ տարբերակը ճանապարհը փակ պահելն է, որովհետև աշխատավարձ չեն ստացել, միլիոնավոր դրամների վնասներ են կրել:

 

12:03

«Մինչև օրս մեզ ոչ ոք սպառիչ պատասխան չի տալիս, թե մեր աշխատավարձերը երբ են վճարելու, բոլորին դիմել ենք՝ վարչապետին, Տիգրան Ավինյանին, տրանսպորտի նախարարին, իսպանական ընկերությանը, և գրավոր, և բանավոր դիմել ենք բազմիցս»,-ասաց բողոքի ակցիային մասնակիցներից մեկը:

«Ժակ Շին» ՍՊԸ-ի հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ գումարը շատ է, թե ով է վճարելու, տեղյակ չեն. «Չենք կարողանում հասկանալ, թե ով է վճարելու մեր աշխատավարձերը: Նախորդ տարվա օգոստոսից գումար չենք ստացել, մինչև նոյեմբեր աշխատել ենք, ու աշխատավարձ չկա: 19 ընկերություն փող չի ստացել: Մոտ 2 մլրդ 2 մլն դրամի գումար է, բազմիցս դիմել են բոլոր ատյաններին, ոչ մի փոփոխություն չկա:

Հիմա ակնկալում ենք, որ տրանսպորտի նախարարի ու փոխվարչապետ Ավինյանի հետ կլոր սեղանի շուրջ հավաքվենք ու տեսնենք, թե ինչ լուծում կա մեր հարցին, այլապես Ճանապարհը պարբերաբար փակելու ենք, մինչև մեր հարցը լուծվի»:

Ճանապարհն այս պահին փակ է, երբեմն որոշ մեքենաների համար այն բացում են՝ վերապահումով:

 11:43

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ փակել են ճանապարհը, որովհետև արդեն տասը ամիս է աշխատավարձ չեն ստացել։

 

Ակցիայի մասնակիցները բացեցին միջպետական ճանապարհը. վաղը կկազմակերպվի հանդիպում փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի ու նախարարի հետ (տեսանյութ, թարմացվող)