Արմավիրի մարզում բախվել են էլեկտրագնացքն ու տրակտորը, վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. Shamshyan.com

01:32 • 30.05.19

Մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության օպերատիվ հերթապահ պատասխանատուից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ երկաթգծի 2.810 կմ-ին Արմավիրի մարզի Դալարիկ-Քարակերտ հատվածում բախվել են էլկետրագնացքն ու տրակտորը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Կուդիևի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20:45-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի վարած Բելառուս մակնիշի 3990 ԼՏ տրակտորը, որը դուրս է եկել երկաթգծի վրա և այդ պահին Գյումրի-Երևան 685 համարի էլեկտրագնացքը բախվել է տրակտորին, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ տրակտորիստ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն: Կայքը նշել է, որ էլեկտրագնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, որոնք մեկնում էին Գյումրի: