Պուտինը Պետդումա է ներկայացրել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի դադարեցման մասին օրինագիծը

12:47 • 30.05.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի գործողությունը Ռուսաստանի կողմից դադարեցնելու վերաբերյալ օրինագիծը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Պետդումայի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

Օրինագծի համաձայն՝ ՌԴ նախագահը լիազորված է համաձայնագրի գործողությունը վերականգնելու վերաբերյալ որոշում կայացնել:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս տվյալ համաձայնագրից:

Փորձագետներն ահազանգել էին, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում  կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:

Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: