«Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամը էպիլեպսիա ունեցող երեխաների համար «Արաբկիր» ԲԿ-ի բակում միջոցառում անցկացրեց (լուսանկարներ)

14:02 • 30.05.19

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ էպիլեպսիայով հիվանդ երեխաներին ժպիտ պարգևելու համար «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամ ՀԿ-ն «Արաբկիր» ԲԿ-ի բակում վառ և գունեղ միջոցառում էր կազմակերպել՝ ծաղրածուների, աճպարարների, նկարիչ-անիմատորների, հեքիաթների հերոսների մասնակցությամբ:

«Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամ ՀԿ-ի նախագահ Ելենա Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց հիմնադրամը միակն է Հայաստանում, որն օժանդակում է երեխաներին բուժման, վիրահատության և այլ հարցերում:

«Փորձում ենք օգնել յուրաքանչյուր երեխայի՝ ըստ հնարավորության և անհրաժեշտության: Էպիլեպսիայով հիվանդ երեխաները շատ-շատ են, միայն «Արաբկիր» ԲԿ-ում հաշվառված է մոտ 3 500 երեխա: Բացի այդ օգնությունից, փորձում ենք հետաքրքիր միջոցառումներ անել, ակցիաներ, ցուցահանդեսներ, աճուրդներ, ինչու չէ, նաև տոներ»,- ասաց նա:

Ելենա Բաղդասարյանը նշեց, որ սրանով երեխաները կկարողանան կտրվել իրենց դժվար կյանքից և մի փոքր ուրախանալ: «Ինձ համար այդ նպատակն ամենագլխավորն ու կարևորն է՝ իրենց պարզապես ժպիտներ պարգևելն ու այդ ժպիտները տեսնելը»,- ասաց նա և նշեց, որ հիմնադրամը նաև նվերներ է պատրաստել «Արաբկիր» ԲԿ-ում հաշվառված երեխաների համար, և նվերները երեխաները կստանան մի քանի օրվա ընթացքում:

«Այդ նվերների համար շնորհակալ եմ բոլոր իմ ընկերներին, յուրաքանչյուրի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է: Նաև ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին, որոնք միշտ մեր և երեխաների կողքին են ու միշտ աջակցում են: Այն, ինչ մենք կարողանում ենք անել մեր երեխաների համար, նրանց շնորհիվ է. ցանկացած հետազոտական ծրագիր, թանկ դեղամիջոցներ, որոնք ընտանիքների համար մեծամասամբ անհասանելի են, այդ ամբողջը գնվում և բաժանվում է միայն մեր հովանավորների շնորհիվ, որոնք չեն էլ ցանկանում, որ իրենց անունները հնչեցվեն, չեն ցանկանում հրապարակվի, թե քանի երեխայի ենք օգնել: Կարող եմ ասել՝ ամսական մոտ 12-15 մլն դրամի օգնություն ենք ցուցաբերում մեր երեխաներին մեր հովանավորների միջոցով»,- ընդգծեց նա:

Ելենա Բաղդասարյանը կոչ արեց մարդկանց էպիլեպսիայով երեխաների հետ զգույշ խոսել. «Նրանք շատ խելացի, շատ ադեկվատ երեխաներ են, էպիլեպսիան չի փոխում ինտելեկտը, երեխաները ապրում են լիարժեք կյանքով՝ այնպես, ինչպես իրենց հասակակիցները, ուղղակի նոպաներ կարող են լինել, դրանք վտանգավոր չեն: Էպիլեպսիան բուժվող է, բացառությամբ չարորակ դեպքերի:

Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ նոպաները չլինեն, բերում ենք Հայաստան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք վերահսկում են ամբողջությամբ էպիլեպսիան և չեք էլ իմանա, որ երեխան ունի հիվանդություն, որը չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ էպիլեպսիան չարորակ է, չի բուժվում և ազդում է ինտելեկտի վրա»,- եզրափակեց նա: