ՓՊ-ն ասում է՝ ձեր արտոնագրերը կասեցվել են, բայց դուք վճարեք 50%-ի չափով արտոնավճարը, ի՞նչ իրավունք եք տալիս իմ վճարի դիմաց․ Մարուքյանը՝ արդարադատության փոխնախարարին
ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց. «Այս օրենքով փաստացի Փաստաբանների պալատն ասում է՝ ձեր արտոնագրերը կասեցրել են, բայց դուք անպայման գոնե մեզ վճարեք 50%-ի չափով արտոնավճարը։ Բայց իմ արտոնագիրը կասեցված է, ես անդամավճար չեմ վճարում պալատի գործերին, չեմ էլ խառնվում, բայց հենց վճարեմ, կսկսեմ խառնվել գործերին։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ իրավունքներ եք տալիս մեզ, որ կասեցված արտոնագրից ուզում եք մեզ վճարենք, որովհետև ես այդ արտոնագրով գումար չեմ աշխատում»,-դիմելով արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին՝ հարցրեց պատգամավորը։
Փոխնախարարն ասաց, որ կասեցման համար առաջիկա հինգ տարվա համար որևէ վճար չի գանձվում։ «Խոսքն այն մասին է, որ եթե դրանից հետո դիմում է պալատին, այս դեպքում ասում ենք, որ եթե ցանկություն ունեք վերականգնել ձեր կասեցված արտոնագիրը, ապա հինգ տարին անցնելուց հետո ոչ թե լրիվ անդամավճար եք վճարում, այլ կիսով չափով։ Տարբերությունը գործողի հետ կիսով չափ վճարն է»,-ասաց նա։
Մարուքյանը կրկնեց հարցը, թե ինչ է դրա դիմաց ստանում․ «Իմ արտոնագիրը կասեցված է, պալատի ղեկավար մարմինների ընտրությանը չեմ մասնակցում, ոչ մի բանի էլ չեմ մասնակցում։ Հիմա ասում է՝ արի վճարի, ի՞նչ իրավունք եք տալիս իմ վճարի դիմաց, երբ ես այդ արտոնագրով փող չեմ աշխատում։ Կարո՞ղ ենք Պալատի ընտրություններին մասնակցել, գալ դասընթացներին մասնակցել, իրավունքներ տվեք, եթե փող եք ուզում»։
Արտակ Ասատրյանը նշեց, որ նրանք իրավունք ունեն անվճար դասընթացներին մասնակցելու, բայց տրամաբանական է, որ այլ իրավունքներ չունենան։ «Ինչ վերաբերում է արտոնագրի կիսով չափ վճարելուն, բազմաթիվ կասեցված փաստաբանների հետ քննարկվել է հարցը, որևէ խնդիր չեն տեսնում, նույնիսկ ուրախ են, որ նման հնարավորություն է տրվում, և իրենք հետագայում վերականգնելու համար ստիպված չեն լինի փաստաբանների դպրոցում սովորելու, մեծ գումարները վճարելու, բարդ պրոցեսներն անցնելու, իսկ այս պրոցեսը հնարավորություն է տալու հետագայում շարունակելու փաստաբանական գործունեությունը»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանն արդեն իր ելույթի ժամանակ ասաց, որ գործում են այն սկզբունքով, որ «չկա հարկում՝ առանց ներկայացված լինելու»։
«Հիմա ուզում եք մեզ հարկեք, բայց այդ ներկայացուցիչներին մենք չընտրենք»,-ասաց նա և նշեց, որ նախորդ գումարման ժամանակ է էլ հարցը եկել, ինքը դեմ է եղել, ու չի ընդունվել։
Ըստ Մարուքյանի՝ պարզ է, որ կան փաստաբաններ, որոնց արտոնագրերը կասեցված են, և նրանք շահագրգռված են նման հնարավորություն ստանալու համար։
«Բայց եթե այդ փաստաբանը հինգ տարի կասեցրել է, արտոնագիրը դադարում է գործել և պետք է գնա նորից սովորի, բայց կներեք, եթե այդ փաստաբանը օմբուդսմեն է կամ պատգամավոր է, ով գիշեր-ցերեկ օրենք է կարդում, գրում․․․ այդ աբսուրդ դրույթը ընդամենը հանեիք, ասեիք, որ նրանք, ովքեր կասեցրել են, բայց իրավունքի բնագավառում են աշխատում, իրենց վրա չի տարածվում։ Հարցը չլուծեցինք, հիմա ասում եք՝ եկեք մեզ փող տվեք»,-ասաց նա։
Փոխնախարարն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարող են բարձրացված հարցը քննարկել։










