«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը 3-ից 2 տարի դարձնելով` բարձրացնում ենք գրավչությունը, բայց խստացնում ենք պայմանները․ Գաբրիել Բալայան
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցման քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց, թե ինչու է «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետը 3-ից դառնում 2 տարի։
«Հետազոտությունները, նաև համակարգում ներգրավվածությունը ցույց են տալիս, որ այն կառուցակարգերը, որոնցով առաջնորդվում ենք, հղկման կարիք ունեն։ Գրավչությունը բարձրացնում ենք, բայց խստացնում ենք պայմանները, օրենքի ընդունումից հետո փոփոխություններ կկատարվեն ենթաօրենսդրական ակտերում»,-ասաց Բալայանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց տարկետման մասին՝ հիշեցնելով, որ կառավարության 451 որոշման համաձայն՝ ասպիրանտներին ու մագիստրոսներին տարկետման իրավունք է տրվում։
«Բայց մի քանի տարի անց որոշումը ուժը կորցնելու է, քանի որ բակալավրիատից տարկետում չեն ստանում։ Կրթության շարունակականության խնդրի մասին միշտ խոսել ենք, որը, կարծում եմ, «Պատիվ ունեմ»-ով էլ չի լուծվում»,-ասաց պատգամավորը։ Նա հարցրեց՝ ինչպե՞ս պետք է վարվել, որ կրթության շարունակականությունը չտուժի։
Փոխնախարարն արձագանքեց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա։ «Հույս ունենք, որ «Պատիվ ունեմը» ավելի գրավիչ սարքելով՝ կկարողանանք այդ շարունակականությունը բակալավրիատի մասով ապահովել»,-ասաց Բալայանը։
Նշենք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել նաև, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում:










