«Սասստեքս» կարի գործարանի տնօրեն Սեյրան Պետրոսյանը աշխատանքից չի ազատվել. վատառողջ է. գործարանի պատասխանատու

20:32 • 30.05.19

Սեյրան Պետրոսյանն աշխատանքից դուրս չի եկել, այս պահին գտնվում է Երևանում։ Վատառողջ է, վիրահատության է ենթարկվել, հետևաբար չի հաճախում աշխատանքի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Սասստեքս» կարի գործարանի պատասխանատու Ներսես Տաշչյանը:

Aravot.am-ը նյութ էր հրապարակել, որտեղ «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները նշում էին, թե 9 ամիս շարունակ տնօրեն աշխատած Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը ևս ազատվել է աշխատանքից:

Խոսելով գործարանի աշխատակիցների բողոքի մասին՝ Տաշչյանը նշեց, որ աշխատակիցների աշխատավարձերը չեն կրճատվել, պարզապես պայմանագրի ձևն է փոխվել. նրանց առաջարկվել է աշխատել գործարքային. «Բոլորը բողոքում են, իրենք իրավունք ունեն, բայց եթե մենք ինչ-որ բան սխալ ենք անում, հարց չկա, ես տեր եմ»:

Նրա խոսքով՝ պայմանագրերը կնքելիս բոլոր աշխատողները կարդացել են դրանք, ապա՝ ստորագրել, իսկ հիմա ասում են՝ խաբել են իրենց. «Էդ ասողները մի քանի հոգի են, իսկ մնացածի համար պատճառ են լինում: Մենք գիշեր-ցերեկ ջան ու ջիգյարով աշխատել ենք, 7-8 հոգու պատճառով մնացածը տուժեցին»:

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Գյումրիում հիմնադրված «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն, ըստ պայմանագրի, պետք է լինի 55.000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում: Մի քանի օր բողոքելուց հետո աշխատակիցներն այսօր լքել են աշխատավայրը: