Տեղի ունեցավ «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխությունը
Մայիսի 30-ին կայացավ Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության ամենամյա ստեղծագործությունների մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը: Չորս անվանակարգերում՝ Գրականություն, Երաժշտություն, Կերպարվեստ ու Թատերական արվեստ, լավագույնը ճանաչված արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչները մրցանակների արժանացան:
Գրականություն անվանակարգում հաղթող ճանաչվեց Արծվի Բախչինյանը՝ «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» ստեղծագործության համար:
Երաժշտություն անվանակարգում հաղթողը Սոֆյա Ղազարյանն էր՝ «Հայաստան» մոնո օպերայի համար։
Կերպարվեստի անվանակարգում հաղթողը Արա Հակոբյանն էր՝ «Արևածաղիկներ» կտավի համար։
Թատերական արվեստ անվանակարգում հաղթողը Բախտիար Հովակիմյանն էր՝ «Նոր Ջուղայի թատրոնը 1887-2017 թթ. ուսումնասիրության համար:
Լրագրողների հետ զրույցում Սոֆյա Ղազարյանն ասաց, որ իր 60-ամյա կյանքի ընթացքում առաջին անգամ է մրցանակ ստանում և այս մրցանակն իր համար շատ խորհրդանշական է. «Սա նշանակում է ուշադրություն դեպի իր արվեստը»:
Արա Հակոբյանն էլ նշեց՝ իր համար պատիվ է ստանալ մրցանակ, որը կրում է Վահան Թեքեյանի անունը. ««Արևածաղիկներ» ստեղծագործությունը ծնվեց, որովհետև սիրում եմ կյանքը, լույսը, ջերմությունը: Ահա իմ այս աշխատանքով արտահայտել եմ այն, ինչ տեսնում եմ, ինչ ուզել եմ՝ լույս, ջերմություն: Այս ամենն էլ կարելի է ներկայացնել արևի միջոցով: Արևածղիկն էլ խորհրդանշում են արևը»:
Նշենք, որ մրցանակակիրները ստացան դրամական պարգևներ:










