Ամստերդամի քաղաքապետը այցելել է հիվանդանոց և երախտագիտություն հայտնել զինված դիմակավորների գործողությունները կասեցնելիս դանակահարված Մել Դալուզյանին

14:53 • 31.05.19

Ամստերդամի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հիվանդանոցում այցելել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Մել (Մելինե) Դալուզյանին, որն երեկ դանակահարվել է՝ փորձելով կանխել կողոպուտը սուպերմարկետում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Դալուզյանի ընկերներից Արթուր Մինասյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Femke Halsema-ի գլխավորությամբ, քիչ առաջ ժամանեց հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու Melին։

«Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը ձեր պես բնակիչ ունի։ Քաղաքացիական բարձր գիտակցությունն օրինականության և համերաշխ, անվտանգ ու բոլորի համար հարմարավետ միջավայրի գրավականն է։ Երախտապարտ եմ զինված դիմակավորների հակաիրավական գործողություններն արդյունավետ կերպով կասեցնելու համար։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում և վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը պատրաստ է անհրաժեշտ ամեն ինչով աջակցել ձեզ»,- մասնավորապես ասաց քաղաքապետը։

Հ.Գ. Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրավապահները քննում են միջադեպը։ Մելի վիճակի՝ կայուն»։