Ռուսաստանում դատական ներկայացուցիչները պարտապանին հայտնաբերել են գերեզմանոցում՝ մահացած ձևանալիս

18:53 • 31.05.19

Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի բնակիչը, որը երեխայի աջակցության համար նախատեսված գումարը (ալիմենտ) չվճարելով 200 000 ռուբլու պարտք էր կուտակել, դատական մարմնի ներկայացուցիչներից փորձել է թաքնվել գերեզմանոցում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ դատական կատարածուների դաշնային ծառայությանը, տղամարդը պարբերաբար չի կատարել իր պարտականությունները, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: Դատական մարմնի ներկայացուցիչները պարզել են, որ վերջինս աշխատում է գերեզմանատանը, և մեկնել են այնտեղ:

Այնտեղ տեղեկացել են, որ աշխատակիցը գերեզման է փորում: Վերջինս, տեսնելով իրեն մոտեցող կատարածուներին, երկար չմտածելով պառկել է փորած փոսում և փակել աչքերը: Սակայն երբ տվել են նրա անուն-հայրանունը, վերջինս ուշքի է եկել:

Նշվում է, որ նրա նկատմամբ կարող են գործ բացել «Երեխաների աջակցության համար նախատեսված միջոցները չվճարելու» հոդվածով: