Հանոյում Թրամփի հետ բանակցությունների ձախողումից հետո Հս. Կորեան մահապատժի է ենթարկել 5 դիվանագետի. լրատվամիջոցներ

10:17 • 31.05.19

Հարավկորեական Chosun Ilbo պարբերականի տվյալներով՝ այս տարվա փետրվարին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումից հետո, հյուսիսկորեական իշխանությունները մահապատժի են ենթարկել բանակցությունների համար պատասխանատու մի շարք դիվանագետների:

Ինչպես նշում է The Guardian-ը, նրանց շարքում է եղել Կիմ Հյոկ Չհոլը, որը Հյուսիսային Կորեայի՝ ԱՄՆ հարցերով հատուկ դեսպանն էր ու զբաղվում էր Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունների հարցով:

Ըստ պարբերականի՝ դիվանագետին մահապատժի ենթարկելու պատճառը եղել է Թրամփ-Կիմ Չեն Ըն վերջին հանդիպման տապալումը:

Chosun Ilbo-ի տվյալներով՝ Կիմ Հյոկ Չհոլից բացի՝ նույն պատճառով մահապատժի է դատապարտվել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ևս 4 պաշտոնյա, որոնք ներգրավված են եղել Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման նախապատրաստական աշխատանքներում:

Հայտնի է, որ նրանք մահապատժի են ենթարկվել մարտին՝ բանակցություններից կարճ ժամանակ անց:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2018թ. ամռանը՝ Սինգապուրում: Այն ժամանակ կողմերին հաջողվել էր որոշ համաձայնություններ ձեռք բերել, ինչի շնորհիվ բանակցությունները հաջողված էին հայտարարվել:

Մինչդեռ այս տարվա փետրվարի վերջին կայացած բանակցություններն արդյունք չէին տվել. կողմերը չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ փոխզիջումների հարցում: Մասնավորապես՝ Թրամփը մերժել էր Կիմ Չեն Ընի՝ արևմտյան պատժամիջոցները մասամբ չեղարկելու առաջարկն ու ժամանակից շուտ լքել հանդիպումը:

Ըստ վերլուծաբանների՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջուկային բանակցություններն այժմ փակուղու առաջ են: