Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու գործով 2 անձ ձերբակալվել է

10:54 • 31.05.19

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով»,-նշեց նա:

Նաիրա Հարությունյանը ընդգծեց, որ երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված էր, որ Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի «բանդայի» կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել նրանց ուղղությամբ։