Արցախի արտգործնախարարն ընդունել է Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Դաուր Կովեին

14:16 • 31.05.19

Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը և Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:

Պատվիրակությունը  Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարևորությունը՝ երկրների և ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման և ընդլայնման տեսանկյունից։ 

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10՝ Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։