«Մեդիամաքս» մեդիա ընկերությունը 20 տարեկան է (տեսանյութ)

19:19 • 01.06.19

 

7 կայք, ավելի քան 150 բացառիկ հարցազրույց, 70 հատուկ նախագիծ, շուրջ 400 մլն դրամ վճարված հարկ, 1 երաժշտական դպրոցի վերանորոգում, 12 հեռուստահաղորդում, 1 ֆիլմ, 3 հրատարակված գիրք. Mediamax մեդիա ընկերությունը 20 տարեկան է: 

«20 տարվա ընթացքում մենք փորձել ենք լինել անկեղծ մեր ընթերցողների հետ, մենք փորձել ենք պահպանել լրագրության գրված և չգրված օրենքները և միշտ փորձել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել մարդուն, որը եղել և մնում է մեր գլխավոր հերոսը, և այն, ինչով մենք զբաղվում ենք, մենք համարում ենք մարդակենտրոն լրագրություն»,-ասաց Mediamax ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը:

Կայքի ղեկավարությանն ու անձնակազմին շնորհավորելու էին եկել հասարակական, քաղաքական գործիչներ, ընկերներ: Mediamax-ի հյուրերն ասում են՝ Մեդիա ընկերությունը վաղուց իր ուրույն ու անփոփոխ դերն ունի հայկական լրատվադաշտում:

«Mediamax-ն այն հաստատություններից է, որը շատ կարևոր դեր ունի մեր մամուլում՝ իր պրոֆեսիոնալիզմով, պատասխանատվությամբ: Mediamax-ի ոճն ու աշխատանքի ձևն ինձ համար անչափ էական են: Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հայտնել Mediamax-ին, Արա Թադևոսյանին, ամբողջ անձնակազմին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանն էլ ասաց՝ Mediamax-ը, նախևառաջ, հայկական լրատվադաշտ է բերել նոր որակ. «Բերել է նաև այնպիսի արտադրանք, որը, գուցե, ոչ այնքան հասու է շատերին, բայց շատ լավն է, և իրենք, իհարկե, բերել են ճշմարիտ խոսքի մշակույթ, որի համար իրենց պետք է մեծ շնորհակալություն հայտնել»:

«Mediamax-ը ոչ միայն ընկալվում է որպես լրատվամիջոց, այլև՝ արժեքներ ստեղծող հաստատություն, որը դավանում է հստակ արժեքներ, հավատարիմ է այդ արժեքներին և ինքն էլ իր հերթին արժեքներ է պարգևում հասարակությանը»,-ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն էլ ընդգծեց՝ ինֆորմացիայի խեղաթյուրման ժամանակաշրջանում Mediamax-ն առանձնանում է որակյալ ինֆորմացիայով. «Mediamax-ն ինձ համար որակի չափանիշ է: Շնորհավորում եմ ընկերներիս՝ 20-ամյակի առիթով ու մաղթում եմ նոր 20-ամյակներ»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց՝ Mediamax-ը բացառիկ է, իր տեսակով չկրկնվող. «Mediamax-ը զուտ լուրեր չի տարածքում, այն ճաշակ է ստեղծում,կ առանձնահատուկ նախագծեր է ստեղծում: Ուղղակի վայելում եմ Mediamax-ը»:

Մանրամասները՝ տեսանյութում: