Բուլղարիայում ոստիկանների կողմից կիրառված նռնակի պայթյունի հետևանքով 3 երեխա է տուժել
Բուլղարիայի հյուսիսարևելյան Սիլիստրա քաղաքի մարզադաշտում ոստիկանների կողմից կիրառված նռնակի պայթյունի հետևանքով 3 երեխա է տուժել, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի՝ մարզադաշտում ընթացող «Hello, holiday» մանկական միջոցառման ժամանակ ոստիկանները «հանցագործին բռնելու» ցուցադրական գործողություն են իրականացրել: Նռնակների պայթյունի ժամանակ վիրավորվել է 50 մ հեռավորության վրա կանգնած երեք 6 տարեկան երեխա:
Երկու տղաներն այրվածքներ են ստացել ոտքերի շրջանում, նրանց տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, աղջիկն ստացել է 10-20 տոկոս այրվածքներ ամբողջ մարմնի վրա, նա հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նշվում է, որ մանկական միջոցառմանն ընդհանուր առմամբ մոտ 300 երեխա է մասնակցել:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում:










