«Դոմիկի ցրտերից պրծանք». Տաշիր բարեգործական հիմնադրամի և ՀԷՑ-ի համատեղ ծրագրով Գյումրիի տնակներում անչափահաս երեխաների հետ ապրող 5 ընտանիքներ բնակարաններ ստացան (տեսանյութ)
Երեխաների պաշտպանության օրվան առիթով «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ՀԷՑ-ի համատեղ ծրագրով Գյումրիի տնակներում ապրող 5 բազմազավակ ընտանիք բնակարան ստացավ նվեր:
Բնակարանների բանալիները ընտանիքներին հանձնելուց հետո կազմակերպվել էր տոնական միջոցառում երեխաների համար:
ՀԷՑ-ի կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ երեք տարվա ընթացքում արդեն 20-րդ բնակարանն են նվիրում անապահով ընտանիքներին: «Այս անգամ՝ ընտրել ենք սոցիալապես անմխիթար պայմաններում ապրող այն ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան, այդ պատճառով որոշեցինք Երեխաների պաշտպանության միջազգային օրը իրականացնել բանալիների հանձնման պաշտոնական արարողությունը»,- նշեց նա:
Սարջանյանի խոսքով՝ ընտանիքների ընտրությանը տրամադրել են երկար ժամանակ, քաղաքապետարանի հետ են համաձայնեցրել: «Բոլոր շահառուներին ընտրելիս այցելել ենք, ուսումնասիրել ենք նրանց պայմանները. ընտրվել են ամենավատ պայմաններում ապրողները»,- նշեց նա:
Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Վանաձորի սոցիալապես անապահով 5 ընտանիքի բնակարան նվիրել՝ այնտեղ ևս առաջնորդվելով նույն՝ անչափահաս երեխաներ ունենալու սկզբունքով:
Նշենք, որ շահառուներին բնակարանները հանձնվեցին հանդիսավոր արարողությամբ՝ աղ ու հացով, ժապավենի կտրումով:
Բնակարան ստացած Արտյոմ Հայկյանն ու Նաիրա Սահրադյանը, ովքեր 2 երեխա ունեն, նշեցին, որ դեռևս չեն հավատում, որ արդեն բնակարան ունեն:
«Սկզբնական շրջանում, երբ ամուսնացանք, վարձով էինք ապրում, հետո վարձավճարը չկարողացանք վճարել, տեղափոխվեցինք ամուսնուս տնակ: Շատ ծանր պայմաններում էինք ապրում, բայց հարմարվել էինք, սովորել էինք մեր կյանքին, որ պետք է դժվարությամբ ապրենք: Շատ անսպասելի էր լուրը, որ բնակարան պետք է ստանանք: Մինչ այդ բազմիցս տարբեր տեղեր դիմել էինք, բայց ասում էին՝ պետք է սպասենք: Անսպասելի էր այս լուրը՝ հուզմունք, տխրություն, ամբողջը խառնվել է իրար»,- ասաց Նաիրա Սահրադյանը:
Ամուսինն էլ՝ Արտյոմ Հայկյանը, հավելեց՝ 30 տարվա հույսը կտրած մարդ էր, չէր սպասում, որ կարող է մի լուսավորություն էլ իր ընտանիքի համար լինել, սա իր համար շոկ էր: «Հիմա շնորհակալ ենք հովանավոր Սամվել Կարապետյանից և Հայաստանի էլեկտրական ցանցերից իրենց այս բարեխիղճ քայլի համար»,- հավելեց նա:
Արտյոմի և Նաիրայի որդին՝ Նարեկը նշեց, որ երբ մեծանա, զինվոր է դառնալու, որպեսզի պաշտպանելու ժողովրդին, իսկ թե նոր բնակարանում, որտեղ է լինելու իր սենյակը, որտեղ է դնելու համակարգիչը, դեռ չգիտի: «Մի տեղ կդնեմ էլի, կարեւորը իմ սենյակն ունեմ արդեն»,- ասաց 6-ամյա Նարեկը:
Իսկ ամենաշատը դուրը եկել է նոր բնակարանի բակը, խաղահրապարակը: «Հին տանը դժվար էր խաղալը, այստեղ հանգիստ է»,- նշեց երեխան:
Մարիամ Դանիելյանի 5 հոգանոց ընտանիքն էլ 89 թվականից ի վեր՝ 31 տարի է բնակվել տնակում: Նշում է՝ արդեն տեսել են բնակարանը, շատ են հավանել, քանի որ լուսավոր է: «Դոմիկի ցրտերից պրծանք, տաք տներ են: Բարեգործները եկան, տնակի վիճակը տեսան ու հիմա այս տունն ունենք»,- ասաց նա:
4 երեխա և 4 թոռ ունեցող Սահակյան Շողիկի ընտանիքն էլ էր 30 տարի բնակվում տնակում:
«4 երեխեքս տնականում են մեծացել, հիմա տղայիս երեխեքն են անչափահաս. նորից տնակում էինք՝ ոչ ջուր, ոչ գազ, կոմունալ ոչ մի հարմարանք չկար ու անսպասելի այս շատ լավ լուրը ստացանք: Չգիտեմ, խոսքեր չեմ գտնում ինչքան շնորհակալ եմ Սամվել Կարապետյանից, Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղից էլ, որ մեզ են ընտրել»,- նշեց տիկին Շողիկն ու հավելեց՝ նախկինում շատ տեղեր են դիմել, բայց արձագանք չի եղել:
«Մեր երազանքը միայն տունն էր, հիմա արդեն մարդավարի կապրենք, սրանից հետո կերևա մարդավարի ապրելն ինչ է: Թոռնիկս երկրորդ դասարանում է սովորում, բացարձակ գերազանցիկ է, ինքն ամեն նկարչության ժամին միայն տուն է նկարել, վերևը գրել է՝ «իմ տունս» »,- պատմում է նա:
Թոռնիկն էլ՝ փոքրիկ Շողիկը լրացրեց տատիկին. «Երազում էի տուն ունենալ, հիմա երազում եմ դառնալ բժշկուհի»:















