Պերուից Արգենտինա թռչող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում. տուժել է 15 ուղևոր
Պերուից Արգենտինա թռչող ինքնաթիռը հայտնվել ուժեղ տուրբուլենտության գոտում, ինչի հետևանքով 15 մարդ է տուժել: Այդ մասին Известия-ի փոխանցմամբ՝ հայտնել է Infobae-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել, երբ Airbus A330 ինքնաթիռը թռչում էր Անդերի վրայով:
Ըստ աղբյուրի՝ օդանավում բժիշկ է եղել, որը Լիմայից ճանապարհորդում էր ամուսնու հետ: Նա օգնել է ուղևորներին, որոնք իրենց վատ են զգացել: Բժիշկ Ստելլա Կեվոսի խոսքով՝ ինքնաթիռը տուրբուլենտության գոտում է հայտնվել գիշերը, երբ ուղևորները քնած են եղել:
«Ինքնաթիռը մի քանի անգամ բարձրացավ և իջավ: Ցնցումից մենք արթնացանք», - ասել է նա՝ տեղի ունեցածն անվանելով «սարսափելի»:
Բժիշկն ասել է, որ օդանավում դեղատուփ չի եղել, ձեռնոցներն էլ նա սարքել է պոլիէթիլենային տոպրակներից:
Նշվում է, որ Բուենոս Այրեսի օդանավակայանում ուղևորներին սպասում էին շտապօգնության մեքենաները: Բուժզննությունից հետո բժիշկները հայտարարել են, որ ուղևորներից որևէ մեկը լուրջ վնասվածքներ չունի: Ավիաընկերությունից էլ հայտնել են, որ անձնակազմի որևէ անդամ չի տուժել, նաև հիշեցրել, որ տուրբուլենտությունն այդ գոտում հաճախակի երևույթ է:










