Բացահայտվել է կնոջը դանակի սպառնալիքով առևանգելու դեպքը
«Մայիսի 31-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ահազանգողի նշած վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի ծառայողները։ Դեպքի վայրում հանդիպել են մի կնոջ, որը հայտնել է, որ դանակի սպառնալիքով փորձել են իրեն առևանգել։
Ոստիկանները կնոջ մատնանշած տղամարդկանց բերման են ենթարկել բաժին։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակը:
Տուժած կինը հրավիրվել է ոստիկանություն և հաղորդում տվել։
Ըստ նրա հայտնածի՝ նույն օրը, ժամը 10.30-ին, «Տեցի կռուգ» կոչվող հատվածից դանակի ապառնալիքով առևանգել են իրեն և տաքսիով տարել դեպի Հին Էրիվանցու փողոց:
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և տարածքային կարգով ուղարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:










