Բակո Սահակյանը ներկա է եղել ԿՈՆԻՖԱ-ի բացման հանդիսավոր արարողությանը

00:29 • 02.06.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում ներկա է գտնվել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում մեծ և նշանակալի իրադարձություն է տեղի ունենում: Ժամանել են բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, պետական այրեր:

«Ուզում եմ ողջունել այստեղ մեզ հետ գտնվող եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիա պետության Նախագահ Անատոլի Բիբիլովին, ԿՈՆԻՖԱ-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդին, ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի կառույցի ղեկավար Ալբերտո Ռիսկիոյին և մեր բոլոր հյուրերին: Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ արցախյան հողում:

Նման միջազգային մարզական միջոցառում մեր երկրում տեղի է ունենում առաջին անգամ, և այն պատշաճ մակարդակով անցկացնելու համար կատարվել է ծավալուն ու քրտնաջան աշխատանք: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս գեղեցիկ ու կարևոր մրցաշարի անցկացման գործում:

Սպորտը, հատկապես ֆուտբոլը, այն բացառիկ բնագավառներից է, որոնք պետք է միավորեն ժողովուրդներին և մարդկանց, ամրապնդեն նրանց միջևբարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, նպաստեն կապերի հաստատմանը, խթանեն մարդասիրական շփումներն ու փոխգործակցությունը: Սպորտը չի ճանաչում սահմաններ եւ սահմանափակումներ, խտրականություն և երկակի ստանդարտներ: Այն խաղաղության խորհրդանիշ է, որտեղ պայքարն արդար է, և հաղթում է նա, ով ավելի լավ է պատրաստված:

Արցախում ֆուտբոլի նկատմամբ միշտ եղել է հատուկ վերաբերմունք, և մենք ունենք ձևավորված ավանդույթներ: Շատերիս համար մեր լավագույն մարզիկները եղել են ոգեշնչման աղբյուր, յուրաքանչյուր պատանի ուզում է նմանվել նրանց: Հուսով եմ, որ այս մրցաշարը ի հայտ կբերի ֆուտբոլային նոր դեմքերի, ովքեր օրինակ կծառայեն մատաղ սերնդի համար և իրենց խաղով մեզ կպարգևեն բազմաթիվ գեղեցիկ ու հիշարժան պահեր, երջանիկ ու տպավորիչ ակնթարթներ՝ այս առաջնությունը վերածելով իսկական մարզական տոնի: Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, և թող հաղթի ուժեղագույնը»,- ասել է Բակո Սահակյանը: