ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների վարորդական աշխատանքը սահմանափակող օրինագիծը խախտում է ԵԱՏՄ համաձայնագիրն ու Վիեննայի կոնվենցիան
Մայիսի 27-ին Ռուսաստանի պետական դումայում քննարկվում էր վարորդական իրավունքների հարցը: Տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը հայտարարեց, որ մշակվում է օրինագիծ, որով նաև կարգելվի Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, եթե նրանք չունեն ՌԴ քաղաքացիություն:
«Օրենքում մենք վերջնականապես կամրագրենք, որ օտարերկրյա վարորդները մեզ մոտ տաքսի չեն վարի: Առանց ՌԴ քաղաքացիության որևէ մեկը չի ունենա իրավունք աշխատել ՌԴ տարածքում որպես վարորդ»,- ասել էր Մոսկվիչևը:
Հայտնի է, որ Ռուսաստանում բնակվող հազարավոր հայերից ոչ բոլորն ունեն քաղաքացիություն: Դեռևս տարիներ առաջ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրացրել էր այս հարցը, դիմել էր ՀՀ իշխանություններին՝ հարցը կարգավորելու դիմումով:
Մարուքյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է, ըստ այդմ՝ չի կարող սահմանափակել անդամ մեկ այլ երկրի քաղաքացիներին աշխատել անդամ մյուս երկրում:
Հետևաբար, օրենքով նման սահմանափակում ամրագրելուց հետո ՌԴ օրենքը հակասելու է ԵԱՏՄ օրենքին:
Ըստ միության պայմանագրի առաջին հոդվածի՝ պայմանագիրը ստորագրող կողմերը պայմանավորվում են ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատությունը։
Հակասություն կա նաև 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի հետ, որով, Հայաստանի միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ՀՀ իրավասու մարմինների կողմից հատկացված ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու նպատակով ոչ մի խոչընդոտ չեն ներկայացնում:
Կոնվենցիան ընդունվել է նաև Ռուսաստանի կողմից:










