Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքի վրա հասցված հարվածի (տեսանյութ)
Իսրայելցի զինվորները հրթիռային հարված են հասցրել Սիիրայի ուղղությամբ՝ ի պատասխան այդ երկրի տարածքից ստացված հարվածի: Ինչպես նշում է Haaretz պարբերականը, այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայրարարության մեջ:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ Դամասկոսի կողմից 2 հրթիռ է արձակվել, որոնցից մեկն ընկել է Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքի վրա, ինչին հաջորդել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թվիթերյան իր էջում հաստատել է, որ անձամբ է պատասխան հարվածի հրաման արձակել: «Մենք չենք կարող հանդուրժել մեր տարածքի ուղղությամբ հարվածները և մեծ ուժով կարձագանքենք մեր նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորման: Սա հետևողական քաղաքականություն է, որը մենք կշարունակենք իրականացնել հանուն Իսրայելի անվտանգության»,- ասել է վարչապետը:
Սիրիական լրատվամիջոցների պաշտոնական տվյալներով՝ Իսրայելի հարվածներից 3 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ Իսրայելը բազմիցս հարձակումներ է գործել Սիրիայի տարածքի ուղղությամբ, որոնց թիրախը հիմնականում իրանական «Ալ Քուդս» ստորաբաժանումն է: Հրեական պետության կառավարությունը բազմիցս հայտնել է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանը դիմակայելու մտադրության մասին: Պատճառը Թեհրանի համագործակցությունն է «Հեզբոլլահ» իսլամական շարժման հետ, որին Իսրայելի թշնամի է համարում:










