Մեծ Բրիտանիայում Լա Մանշ նեղուցն ապօրինաբար հատելիս 74 ներգաղթյալ է ձերբակալվել
Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունները 74 ապօրինի ներգաղթյալի են ձերբակալել, որոնք փորձել են Միացյալ Թագավորթյուն հասնելու համար նավակներով հատել Լա Մանշ նեղուցը: Այս մասին գրում է The Independent պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ ապօրինի ներգաղթյալները նավարկել են 8 նավակներով: Ձերբակալվածների թվում երեխաներ կան: Ութ մարդու հաջողվել է Արևելյան Սասեքս կոմսության Ուինչելսի ափամերձ բնակավայր հասնել:
Հաղորդվում է, որ մայիս ամսին նեղուցը 140 ապօրինի ներգաղթյալ է հատել: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն իրավիճակը խորապես մտահոգիչ է անվանել:
Հայտնի է, որ ապօրինի գաղթականները հաճախ հնարավորություններ են փնտրում նեղուցը հատելու և Մեծ Բրիտանիայի տարածքում հայտնվելու համար, որտեղ նրանց գրավում են սոցիալական ծրագրերը, փախստականի կարգավիճակի ձեռքբերման և ֆինանսական օժանդակության հնարավորությունները:










