Եթովպիայում կինը մեկ շաբաթ ապրել է դանակի շեղբը մեջքում և փրկվել է
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բնակչուհիներից մեկը մեկ շաբաթ ապրել է մեջքի մեջ հայտնված շեղբով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 25-ամյա Կումե Բայիսան գտնվել է տանը 4 ամսական որդու հետ, երբ վերադարձել է իր հարբած ամուսինը: Կինը հանդիմանել է ամուսնուն, որից հետո վերջինս վերցրել է դանակն ու հարվածել կնոջ մեջքին: Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մեկ շաբաթ է անցկացրել:
Երբ նրա վիճակը վատթարացել է, նրան այլ բուժհաստատություն են տեղափոխել: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ մարմնում դանակի մի հատված է գտնվում: Սուր առարկան վնասել է նրա լյարդը, սրտի զարկերակը և թոքերից մեկը:
Բուժող բժշկին մեկ շաբաթ է պետք եկել, որ խորհրդակցի տարբեր մասնագետների հետ և թիմ ու գործիքներ հավաքի: Նրա խոսքով՝ առաջին հիվանդանոցում ռենտգեն սարք չի եղել, այդ իսկ պատճառով նրանք պատկերացում չեն ունեցել, թե ինչ է կատարվում կնոջ մարմնի ներսում:
Դեպքը բժիշկները գնահատում են որպես աննախադեպ, քանի որ կինը չափազանց երկար ժամանակ է անցկացրել իր օրգանիզմում օտար մարմնով: Բացի այդ, շեղբի դուրս բերումը նույնպես կարող էր վտանգավոր լինել նրա կյանքի համար: Վիրաբույժները 7 ժամ են ծախսել հաջող վիրահատություն իրականացնելու համար:
Այժմ կինը կայուն վիճակում է գտնվում, իսկ ամուսինը ձերբակալված է:










