Դոնալդ և Մելանյա Թրամփները պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ վայրէջք է կատարել Լոնդոնում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ սա նախագահական զույգի երկրորդ այցն է Միացյալ Թագավորություն:
Պարբերականը նկատում է, որ նախորդ այցն աշխատանքային էր, իսկ այս մեկն արդեն պետական է: Դրա շրջանակում նախագահն ու առաջին տիկինը հանդիպելու են թագուհի Էլիզաբեթ 2-րդի, թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ:
Նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը, Թրամփը Twitter-ում քննադատել էր Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին՝ նրան «անհաջողակ» անվանելով:
«Սադիք Խանը սարսափելի աշխատանք է կատարել Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Նա զզվելի ձևով է արձագանքել Միացյալ Նահանգների՝ Միացյալ Թագավորության ամենամտերիմ դաշնակից երկրի նախագահի այցին: Նա անհաջողակ է, որը պետք է Լոնդոնում հանցավորության, այլ ոչ թե իմ վրա կենտրոնանա: Խանն ինձ հիշեցնում է Նյու Յորքի տխմար և ոչ կոմպետենտ քաղաքապետ Դե Բլազիոյին, պարզապես նրա կես բոյն ունի»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետն ԱՄՆ նախագահին «21-րդ դարի ֆաշիստ» էր անվանել:


















