Թե՛ տնտեսական աճի, թե՛ գնաճի ցուցանիշներով տարածաշրջանում Հայաստանն ամենալավ վիճակում է. Ա․ Ջավադյան

18:12 • 03.06.19

Տարածաշրջանի այլ երկրների համեմատ մենք ամենալավ վիճակում ենք՝ թե՛ տոկոսադրույքներով, թե՛ տնտեսական աճով, թե՛ գնաճով․ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկմանը հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով 2018-2019 թթ-ին տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի և գնաճի ցուցանիշները։

ԿԲ նախագահը նշեց, որ 2006թ-ից որդեգրել են գնաճի նպատակադրման քաղաքականություն։ «Հիմա քաղաքականությունը մի փոքր այլ է, փոխանցման մեխանիզմների միջոցով մենք ազդում ենք փողի չափի, տոկոսադրույքների վրա և տոկոսադրույքներն անդրադառնում են ինչպես բանկերի, ֆինանսական կառույցների տոկոսադրույքների ու այդպես էլ բնակչության վրա»,-ասաց նա։

Ըստ Ջավադյանի՝ վերջին տարիների ընթացքում՝ միջինացված 10-11 տարվա ընթացքում գնաճը 3%-ի շրջանակում է, դեռ մի քիչ էլ պակաս։ «Ֆինանսական կայունության մասով որևէ խնդիր, վերջին 15 տարվա ընթացքում որևէ ֆինանսական սուբյեկտի հետ չենք ունեցել և որևէ խաբված ավանդատու, որևէ խնդրահարույց ֆինանսական կառույց չենք ունեցել։ Այս առումով մեր պարտականությունները հստակ կատարում ենք»,-ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց՝ քանի որ հետապնդում են գնաճի նպատակադրման քաղաքականություն, այստեղ էլ հստակ են անելիքները։ «Վերջերս, այս տարվա ընթացքում  մի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսով՝ իջնելով 6%-ից ներքև, որն աննախադեպ էր վերջին տարիներին, ինչի շնորհիվ տոկոսադրույքներն իջան բանկերում, որն անդրադարձավ վարկերի, ֆինանսական հասանելիության վրա։
Այս տարի ունենք վարկավորման բավական լուրջ աճ»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք տնտեսական քաղաքականության ներկա վիճակում կան ստագնացիայի որոշակի վիճակներ, տնտեսական հեղափոխության սպասողական վիճակ,  հետհեղափոխական Հայաստանում նկատելի է, թե ոչ։

Ի պատասխան, Արթուր Ջավադյանը նշեց, որ ստագնացիայի որևէ երևույթ չկա և արդեն իսկ հրապարակվել է, որ կա  7,1% տնտեսական աճ, և մի քանի օրից էլ կհրապարակվի գնաճի ցուցանիշը, որ կլինի ոչ ավել, քան 3%։