Գյումրու 102-րդ ռազմաբազայում սպաների երեխաների համար մանկապարտեզ բացվեց (տեսանյութ)
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, իսկական տոն էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի` Գյումրիում տեղակայված ռազմակայանի սպաների երեխաների և ընտանիքների համար: Երկար տարիների սպասումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայում վերջապես բացվեց մանկապարտեզ՝ նախատեսված մինչև 100 երեխայի համար:
«Մենք երկար էինք սպասել այս իրադարձությանը: Տևական ժամանակ մենք սրան պատրաստվում էինք, և այս օրը կմտնի 2019–ի պատմության մեջ՝ որպես մանկապարտեզի բացման օր: Մենք կսկսենք զբաղվել մեր երեխաներով, պատրաստել նրանց: Ուզում եմ մաղթել երեխաներին և նրանց ծնողներին հաջող ուսումնառություն, լավ օրեր և լավ տոներ»,- ասաց ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մանկապարտեզի տնօրեն Ֆաիզադ Հասանովան նշում է, որ նորաբաց մանկապարտեզի աշխատակազմը բազմազգ է: Առաջնահերթությունը տրվել է ոչ թե ազգային պատկանելությունը, այլ մասնագիտական բարձր որակներին:
«Մեզ մոտ աշխատակազմը բազմազգ է: Մեզ համար կարևոր է, որպեսզի լինեն պրոֆեսիոնալներ, մասնագետներ, որոնք կարող են ինչպես հարկն է աշխատել և կազմակերպել ուսումնական պրոցեսը: Մեզ համար կարևորը դա է: Մեր մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար, իսկ աշխատանքային շաբաթը լինելու է հնգօրյա, երեխաները մանկապարտեզ կկարողանան հաճախել ժամը 7:00-12:00–ն»,- հայտնեց մանկապարտեզի տնօրենը:
ՌԴ զինված ուժերի Հարավային օկրուգի և 102-րդ ռազմաբազայի հրամանատարության շնորհիվ սպաների երեխաների համար մանկապարտեզ բացելու երազանքն արդեն իրականություն է: Այժմ երեխաներն իրենց օրվա մեծ մասը կանցկացնեն մանկապարտեզում և դրան կից խաղահրապարակում, այստեղ կխաղան և կստանան իրենց դաստիարակությունը:
«Երբ մենք չէինք բացել մեր ռազմակայանի մանկապարտեզը, երեխաները Գյումրի քաղաքի մանկապարտեզներն էին հաճախում: Մանկապարտեզը բացվել է ՌԴ զինված ուժերի 19-րդ դպրոցի հիման վրա և կրթության համար հատկացվող գումարների ներդրմամբ: Այս մանկապարտեզը կարող է ապահովել Գյումրու ռազմաբազայի ողջ պահանջարկը»,- նշեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Շուվալովը:
Մանրամասները՝ տեսանյութում:










