Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ները քննարկել են բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարները

20:34 • 03.06.19

Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:

Ինչպես  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցներում։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն երկկողմ իրավապայմանագրային դաշտի գույքագրման վերաբերյալ։

Առևտրատնտեսական ոլորտում համագործակցության շուրջ քննարկումների ժամանակ ընդգծվել է միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով աշխատանքների կարևորությունը, անդրադարձ է կատարվել բազմակողմ ձևաչափով տարածաշրջանային գործակցության ծավալման հեռանկարներին։

Խորհրդակցությունների ժամանակ գոհունակությամբ նշվել է մշակութային հումանիտար ոլորտում առկա համագործակցության մակարդակը, կարևորվել միջխորհրդարանական փոխգործակցությունը: