Նախագահ Թրամփն ու Էլիզաբեթ II թագուհին մասնակցել են թագավորական նվերների փոխանակման արարողությանը (տեսանյութ)
Միացյալ Թագավորություն եռօրյա այցով մեկնած ԱՄՆ նախագահ և առաջին տիկին Դոնալդ և Մելանյա Թրամփները թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ մասնակցել են նվերների փոխանակման արարողությանը: Այս մասին գրում է ABC News-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը Լոնդոն են ժամանել այսօր առավոտյան, որտեղ նրանց դիմավորել են թագուհին, արքայազն Չարլզը, նրա կինը՝ Կամիլան: Ավելի ուշ նրանց ընդունել են Բուքինգհեմյան պալատում: Նրանց գալու կապակցությամբ կրակ է արձակվել թագավորական հրանոթներից՝ որպես հարգամանքի և պատվի նշան, որը ցույց է տրվում կարևոր արարողակարգերի ժամանակ:
Թագավորություն այցելելու պաշտոնական հրավեր ԱՄՆ 45-րդ նախագահին ուղարկվել է երկու տարի առաջ, երբ նա նոր էր ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, սակայն երկարատև այցն իրականացվում է միայն հիմա: Նախկինում Թրամփը կարճատև այցով եղել է Բրիտանիայում, որի ժամանակ թեյ է ըմպել թագուհու հետ Վինձորի ամրոցում, սակայն նախորդ այցն այդքան արարողակարգային չէր:










