Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Մանվել Գրիգորյանը ներկա չէր նիստին

12:58 • 04.06.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթանում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը:

ԱԺ նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չի ներկայացել:

Պաշտպանները բանավոր կարգով դատարանին տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Դատարանի նախաձեռնությամբ դատական նիստն ընդմիջվել է մեկ ժամով:

Նշենք, որ առաջին դատական նիստի ընթացքում` մայիսի 13-ին, մեղադրողները ներկայացրին ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքի եզրափակիչ մասը, ինչից հետո ամբաստանյալները հայտնեցին իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում. «Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»,-ասել էր նա: Նազիկ Ամիրյանը ևս չընդունեց մեղադրանքը:

Նշենք նաև, որ Մանվել Գրիգորյանը երեկ «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ 

Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում: