Վարչապետ Մեյն ընդունել է Դոնալդ և Մելանյա Թրամփներին (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնական նստավայրում ընդունել է պետական այցով Լոնդոն ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վարչապետն ու նախագահն իրենց կողակիցների պատճառով չեն կարողացել տեսախցիկների առջև իրար ձեռք սեղմել, քանի որ տիկին Թրամփն ու պարոն Մեյը «խանգարել» են նրանց:
Վարչապետը, որը մինչև ամսվա վերջ կլքի իր զբաղեցրած պաշտոնը, բարձրաստիճան հյուրերի հետ շրջել է նստավայրով, հետաքրքիր մանրամասներ ներկայացրել:
Բացի այդ, նա նախագահական զույգին ցույց է տվել Ամերիկայի Անկախության հռչակագրի կրկնօրինակը:
Ավելի ուշ՝ բանակցային սեղանի շուրջ քննարկումների ժամանակ, Թրամփը Մեյին կոչ է արել «հավաքվել» ու ԱՄՆ-ի հետ նոր առևտրային գործարք կնքել՝ չնայած, որ Մեյին վարչապետի պաշտոնում հաշված օրեր են մնացել:
«Չգիտեմ, թե Ձեզ հստակ որքան ժամանակ է մնացել, սակայն առաջարկում եմ հավաքվել ու գործարք կնքել, լա՞վ»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Նշվում է, որ բանակցություններին ներկա են եղել նաև Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, որը հոր օգնականն է, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը նախագահի ավագ խորհրդականն է:
Իսկ մինչ այդ Լոնդոնում մի քանի հազար ցուցարար բողոքել է ԱՄՆ նախագահի այցի դեմ:





















