Ոստիկանության Վայոց Ձորի վարչության պետը ժամանելու է Ամուլսարի պահապանների մոտ. հանքի շահագործման դեմ պայքարողները չեն պատրաստվում բացել ճանապարհը

17:12 • 04.06.19

Ոստիկանության Վայոց Ձորի վարչության պետը ժամը 17:00-ի սահմաններում ժամանելու է Ամուլսարի պահապանների մոտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի կազմակերպիչներից Ահարոն Արսենյանը:

«Մեզ տեղեկացրեցին, որ վարչության պետը գալիս է, սպասում ենք: Մենք, իհարկե, չենք պատրաստվում բացել ճանապարհը: Այս ընկերությունը մի քանի անգամ տարբեր ձևերով, մանիպուլիացիոն եղանակներով փորձել է տարբեր աշխատանքներ անել ներսում: Մենք մի քանի անգամ մեր փորձով համոզվել ենք, որ իրականում այդ գործն անելու կարիք չկա: Ինչ-որ անիմաստ բան են ուզում անեն՝ գնան, նկարվեն, բորսաներում սուտ տեղեկություններ ցույց տան: Վերջին օրերն է, շուտով փորձաքննության պատասխանը լինելու է, ուզում են ավելորդ աժիոտաժ անեն»,- նշեց Ահարոն Արսենյանը:

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն էր տարածել, որ այսօր՝ հունիսի 4-ի առավոտյան ոստիկանությունը Ամուլսարի պահապաններին հորդորել էր դեպի հանք տանող ճանապարհները բացել, որպեսզի «Լիդիան»-ը ինչ-որ վնասների գնահատման աշխատանքներ կատարի այնտեղ։

«ՀԲՃ կամավորական նախաձեռնությունը զորավիգ է Ամուլսարի պահապանների դիրքորոշմանը, որ հանքի հետ կապված որևէ աշխատանք «Լիդիան»-ը չի կարող կատարել Ամուլսարի տարածքում»,- ասված էր հայտարարությունում: