Աշխատելու ենք, որ հնարավորություններ ստեղծվեն «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրը պահպանելու համար. Էռնեկյան (տեսանյութ)

18:00 • 04.06.19

Մենք շարունակելու ենք օժանդակել՝ զարգացնելու «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի այն ունենա ավելի լայն հնարավորություններ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանի նոր Կառավարության հետ շատ սերտ համագործակցում է. «Այս պահին սահմանվում են նոր ներդրումների համար առաջնահերթություններ»:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հարցին, Էռնեկյանն ասաց, որ իրենք շատ լավ են հասկանում այդ համալիրի կարևորությունն ու մշակութային արժեքը. «Իհարկե մենք աշխատելու ենք, որ հնարավորություններ ստեղծվեն դա պահպանելու համար»:

Մարտին Էռնեկյանը նաև նշեց, որ Շիրակի օդանավակայանի շենքի առնչությամբ այս պահին համագործակցում են ճարտարապետների հետ, և արդեն գրեթե պատրաստ են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: 

Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի,  Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝  Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:

Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները ներկայացնում են ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձը, նվաճումները, քննարկում ոլորտի առջև կանգնած մարտահրավերները:

2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը: Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում: Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր: