Ջիվան Աբրահամյանը ՀԽ-ին ու «կոռումպացված» դատավորներին 14 օր տվեց հրաժարականների համար՝ խոստանալով հակառակ դեպքում պարալիզացնել դատարանները (տեսանյութ)
20:00
Ջիվան Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ կոռումպացված դատավորներին ու Հանրային խորհրդին տալիս են 14 օր հրաժարականների համար, հակառակ դեպքում կպարալիզացնեն դատարանները՝ թույլ չտալու համար անօրինական դատական որոշումների կայացումը: Ըստ նրա՝ այս 2 շաբաթվա ընթացքում կոռումպացված դատավորների գոնե 50 տոկոսը պետք է հրաժարական տա:
19:14
Ազատության հրապարակում ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ դատական համակարգի:
Նրանց պահանջն է, որ ստեղծվի արդար դատական համակարգ, այն մարդիկ, որ տարիներ շարունակ երկիրը վերածել են ավերակների և երկրի կառավարումը դարձրել են բիզնես, պատժվեն: Ակտիվիստի կարծիքով՝ ժամական է, որ բոլորը միասին փոխեն այն դատական համակարգը, որը չի արտացոլում ժողովրդի շահերը:
«Իմ խնդրանք է, որ լինեք այնպիսի իրավապահանջ քաղաքացի, որ ձեր արդար պահանջով կարողանաք ձևավորել վաղվա մեր օրը, ունենանք այնպիսի երկիր, որտեղ ոչ թե մտածենք, որ եթե օրենքով լինի, վատ է լինելու, այլ ասենք՝ եթե օրենքով այդպես է, ուրեմն ամեն ինչ լավ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ջիվան Աբրահամյանը:
Նա նշել է նաև, որ իրենց փորձում են խանգարել այն ուժերը, որոնք չեն ցանկանում ունենալ արդար դատական համակարգ, քանի որ արդար դատական համակարգը նշանակում է, որ նրանք այլևս փողով, ծանոթով և մնացած այլ լծակներով չեն կարողանա փախչել արդարադատությունից:
«Հանրահավաքի ժամանակ հստակ կպլանավորվի ժամանակացույց, որով այսուհետև կառաջնորդվենք, և ես վստահ եմ, որ մեր պայքարը կպսակվի հաջողությամբ»,-եզրափակել է Աբրահամյանը:










