Կատարվողն ապօրինություն է, դիմել ենք ոստիկանություն բայց չեն կատարում իրենց լիազորությունները. իրավաբանը՝ Կոմիտասի պողոտայում իրականացվող ապամոնտաժման մասին. (տեսանյութ)

09:52 • 04.06.19

11:30

Պաշտոնատար անձինք անցնում են իրենց լիազորությունները և ապօրինություններ են անում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կառուցապատող ընկերության իրավաբան Նաիրի Մնացականյանը:

«Այո, Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել է որոշում, որն ուղարկվել է մեզ, որի շրջանակներում մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումները: Կան հակասություններ՝ չունեն համապատասխան փաստաթղթեր, որտեղից կերևա մեր սահմանը որտեղ է ավարտվում: Վիճարկվել է համապատասխան որոշումը Երևանի քաղաքի վարչական դատարանում: Այժմ վարչական դատարանի կողմից հայցադիմումն ընդունվել է վարույթ և Երևանի քաղաքապետի որոշումը կասեցվել է»,- ասաց նա:

Նա նշեց, որ Արաբկիր վարչական շրջանի կողմից կատարվողը ապօրինություն է՝ ամենը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: «Հաղորդում ենք տվել նաև ոստիկանություն, բայց այս պահին չեն ժամանել և չեն կատարում իրենց լիազորությունները»,- նշեց նա:

 

11:27

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ սեփականատիրոջ և ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարել, որպեսզի նրանք մայթը հետ բերեն:

«Բանակցությունների արդյունքում տեսնում եք, որ այս վերևի հատվածը իրենք-իրենց կամքով հետ են բերել, բայց սպասել ենք, որ մնացածն էլ պետք է հետ բերեն, բայց ապարդյուն: Այս հողը սեփականության ենթարկելու չէ, հետ ենք վերադարձնում, որ մայթի մակարդակում լինի: Մայթը այս շինությունից հետո 6-7 մետր լայնություն ունի, այստեղ էլ նույնը պետք է լինի»,- նշեց նա:

11:08

Մայթն ապօրինի զավթված էր և տնտեսվարողը չափից ավելի էր առաջ եկել, որի իրավունքը չի ունեցել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

Ըստ նրա՝ տնտեսվարողը զգուշացվել էր՝ վերականգնել մայթի նախնական տեսքը, բայց վերականգնելու փոխարեն մի բան էլ փորձում էր բացօթյա ամառային սրճարան կառուցել:

«Եվ եղավ արդյունքն այն, որ տվյալ պահին վարչական շրջանը վերականգնում է մայթի չափը ինչպես և եղել է»,- ասաց նա և հավելեց, որ զրուցել է տնտեսվարողի հետ, լսել թե՛ վարչական շրջանի, թե՛ տնտեսվարողի կարծիքը:

«Մյուս կողմից տնտեսվարողն էլ, երբ սկսել է  անել, վարչական շրջանից պարտավոր էին ասել՝ նորմերը որոնք են և կասեցնել, որպեսզի մարդը ծախս չաներ զուր տեղը: Չեմ ուզում մտածել, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել, թող դա հետագայում պարզվի: Պարզապես ժամանակին աչքակապություն է արել վարչական շրջանը և թույլ է տվել, որ այս ամենը տեղի ուենա»,- ասաց Աբգարյանը:

Հարցին՝ սեփականության իրավունք չունի՞ տնտեսվարողը, վերջինս պատասխանեց. «Սա ոչ մեկին չի կարող պատկանել, որևէ մեկը չի կարող մայթը սեփականաշնորհել»:

09:52

Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում Երևանի քաղաքապետարանը ապօրինի շինություն է ապամոնտաժում:

Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է, որ ապօրինի շինություն է, կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, ծանուցումներ են ուղարկվել, սակայն կառուցապատողը շարունակել է կառուցել:


Տեղում են իրավապահները, Արաբկիրի թաղապետն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը: