ՀՅԴ-ականները ներկայացան ոստիկանություն՝ իրենց վրա վերցնելու ակտիվիստին ծեծելու մեղադրանքը (տեսանյութ)  

17:33 • 04.06.19

20:10

Բազմաթիվ ՀՅԴ-ականներ այսօր այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել. «Ես եմ ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար»:

Ոստիկանության Կենտրոնի բաժնում էր նաև ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ուզում կենտրոնանալ կուսակցականների վրա, որովհետև անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել.

«Սա վկայեց մեկ բանի մասին, նաև հանրությունն է հասկանում, որ նման վուլգար ձևակերպումներով, անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, մեր ազգային արժեքների, ավանդույթների վերաբերյալ նման ձևակերպումները, Արցախի նկատմամբ  նման ձևակերպումները տեղ չունեն,  թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց արածը կուսակցական քայլ չէր, սա քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում, և մի պահ պետք է այս ամենը դադարեցվի: 

Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ առնչություն ունի դրա հետ, Գեղամ Մանուկյանը պատասխանեց հորդորով՝ նրա մի քանի գրառումները կարդալ. «Երբ մի երիտասարդ կարող է գրառում անել, «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի, ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում... Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել, որ թող ներողություն խնդրի, բազմաթիվ փորձեր են արվել, հիմա չասեմ»:

Հարցին, թե ծեծն են արդարացնում, չէ՞ որ խուլիգանություն է տեղի ունեցել, Գեղամ Մանուկյանը հարցով արձագանքեց. «Դուք քննի՞չ եք: Դուք արդեն հոդված եք ներկայացնում: Ամիսներ շարունակ է այդ տղային փորձ արվել բացատրել, ձևակերպումները, որ օգտագործում է այդ տղան, նույնիսկ թուրքը չի ձևակերպում»:

18:54

ՀՅԴ-ական երիտասարդ Արշակ Վարդանյանն էլ ասաց, որ ինքնախոստովանական ցուցմունք տալու է եկել ոստիկանություն, նա հայտնելու է, որ ինքն է ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին:

18:52

Մի խումբ դաշնակցականներ են ժամանել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նրանք լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենք ներկայանում են ոստիկանություն, որպեսզի հայտնեն, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին:

ՀՅԴ-ական երիտասարդներից Գևորգ Ղուկասյանն ասաց, որ ինքը կարող է լինել այդ ապտակի հեղինակներից մեկը.

«Ուզում եմ՝ շեշտադրումը հստակ լինի, մեր երկրում բարոյականության մթնոլորտը պետք է վերականգնվի: Այսինքն՝ չեն կարող մարդիկ հարձակվել թոռնիկի հետ քաղաքում շրջող պապիկի վրա, չեն կարող հայհոյել Արցախյան հերոսամարտի սիմվոլներից մեկը համարվող Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին, չեն կարող հայհոյել ազգային արժեքներն ու նվաստացնել դրան:

Վերջապես այս երկրում մարդկանց մի տեսակ կա, որ պետք է հասկանա, որ այդ կերպ շարունակելու դեպքում սա լինելու է շարունակական»:

Ինչ վերաբերում է մեկ բերման ենթարկված անձին ճանաչելուն, ապա ՀՅԴ-ական երիտասարդն ասաց, որ ճանաչում է նրան:

17:33

ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու միջադեպին:

Հիշեցնենք, որ վերջինս բռնության ենթարկվելու համար մեղադրել էր դաշնակցականներին:

«Հայտնեմ, որ երեկ հայտարարություն արած բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի։ Այժմ գնում եմ Կենտրոն ոստիկանություն, ներկայանալու իրավապահներին»,-գրել է նա։

Համանման հայտարարություններով են հանդես գալիս նաև այլ դաշնակցականներ՝ նշելով, որ հենց իրենք են եղել Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկողները:


Հիշեցնենք, որ այս գործով քրեական գործ է հարուցվել, կա բերման ենթարկված:

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել: Նա բռնության ենթարկվելու մասին ահազանգել էր նաև օրեր առաջ:

«Ոստիկանությունը այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել է նա:

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՅԴ-ական երիտասարդների դեմ՝ Թուրքիայի դրոշն այրելու համար:

Ավելի ուշ նա եղել էր թոռների հետ զբոսնող ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում հարձակում իրականացնողների թվում: