Քաղաքապետարանը նախկին սխալ, ապօրինի որոշումների հիման վրա նոր որոշում է տվել. Անահիտ Բախշյանը՝ բնակելի շենքին կից պոմպակայանի տարածքում շինարարության մասին

11:54 • 05.06.19

Համամիությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը և Ազատամարտիկների փողոցի թիվ 76 շենքի բնակիչներ Կարինե Մանուկյանը և Սամվել Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Ազատամարտիկների փողոցի թիվ 76 շենքի բնակիչների բողոքին, որը կապված է այն խնդրի հետ, որ շենքին կից պոմպակայանների տարածքում անհատ ձեռներեցը շինարարություն է սկսում:

Անահիտ Բախշյանը նշեց, որ այդ շենքի նկուղը սեփականաշնորհել են 2012  թվականին՝ որպես ինքնակամ կառույց և սեփականաշնորհվել է նաև այդ տարածքը սպասարկող 69 քառակուսի մետրը, որը մայթ է և կանաչ տարածք: «Այսօրվա իշխանությունը, որ համաժողովրդական անարդար մթնոլորտից զզված՝ բողոքի արդյունքում եկավ իշխանության, սակայն նախկին սխալ, ապօրինի որոշումների հիման վրա քաղաքապետարանը նոր որոշում է տալիս՝ պոմպակայանի տարածքը զավթել և հասարակական նշանակության շինություն ստեղծել: Նա ցանկանում է պոմպակայանը տեղափոխել, դրա համար ջրագծեր է փոխում, ինչի թույլտվությունը տվել է այսօրվա քաղաքապետարանը:  Իշխանափոխության արդյունքում այդ մարդիկ սկսեցին նորից իրենց սև գործն անել»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանը նշեց, որ դիմել են քաղաքապետարանին, վարչապետի վերահսկողական ծառայություն, որտեղից պատասխան են ստացել, որ դատական կարգով պետք է լուծել խնդիրը, այնինչ այսօրվա վստահությունը դատարանների նկատմամբ գագաթնակետին է հասնում:

Դիմելով քաղաքապետարանին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Վերանայեք ձեր գործելաոճը, գտեք անարդար որոշումները»: Նա նշեց, որ սեփականաշնորհողի անունը Վահան Բեգոյան է, ում չի ճանաչում:

Նա նկատեց, որ թեև քաղաքապետարանը անօրինական կառույցների դեմ պայքար է սկսել, բայց դրանք շատ են: «Քաղաքապետարանի աշխատակազմը յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ պետք է ամբողջ պատմությունը բացահայտի»,-ասաց նա:

Շենքի բնակչուհի Կարինե Մանուկյանը նշեց, որ մի քանի տարի է, ինչ պայքարում են և պոմպակայանի հետ խնդիր չունեն, և վերջերս է վերազինվել: «Մենք պահանջում ենք, որ վերանայվի նախորդ իշխանության ժամանակ տված որոշումը,  չեղյալ համարվի, մենք պահանջում ենք, որ մեր տարածքը լինի բնակիչներինը, ուզում ենք կանաչապատել և թույլ չենք տալիս որևէ կառույց այնտեղ կառուցել»,-ասաց նա և հնարավոր համարեց, որ գուցե Հայկ Մարությանին սխալ տեղեկություններ է տրվում: Նա ասաց, որ պահանջում են նաև Հայկ Մարությանի հետ հանդիպում:

Արամ Գրիգորյանը նշեց, որ թեև ասվում է քաղաքական կամք կա՝ ապօրինությունները վերացնելու, սակայն նա դա չի տեսնում: «Նոր եկած կադրերը չեն տիրապետում իրավիճակին, և բնակիչների շահերը կրկին առաջնահերթ չեն»,-ասաց նա և հայտնեց, որ եթե որոշումը չեղյալ չհամարվի, իրենք կդիմեմ դատարան:  Իսկ բնակիչ Սամվել Բաղդասարյանը ավելացրեց, որ քաղաքապետարանի ներքին օղակները սխալ ինֆորմացիա են տալիս քաղաքապետին: «Մենք դիմել ենք բոլոր ատյաններ, բայց բոլորը մեկը մյուսի վրա են գցում»,-ասաց նա: