ԱՄՆ Ալաբամա նահանգում մանկապիղծները քիմիական ամորձատման կենթարկվեն

22:51 • 05.06.19

ԱՄՆ Ալաբամա նահանգի խորհրդարանը հավանություն է տվել օրենքի նախագծին, որի համաձայն անչափահասների դեմ սեռական բնույթի հանցանքների համար մեղավոր ճանաչված անձինք բանտից դուրս գալուց առաջ քիմիական ամորձատման կենթարկվեն, հաղորդում է Newsweek-ը:

Այժմ օրենքը պետք է ստորագրվի Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվի կողմից, որի դեպքում 3 ամսվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի: Օրենքը նախատեսում է, որ այն հանցագործները, որոնց զոհերը 14-ից ցածր տարիք ունեցող երեխաներ են, վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն կստանան, սակայն այդ դեպքում նրանք պետք է պարտադիր հորմոնալ թերապիա անցնեն: Օրենքը կգործի 21-ից բարձր տարիք ունեցող դատապարտյալների համար:

Օրենքի նախագիծն առաջարկած պատգամավոր Սթիվ Հըրսթը կարծում է, որ իրեն կքննադատեն անմարդկայնության համար, սակայն, իր կարծիքով, ավելի մեծ անմարդկայնություն է անպաշտպան երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելը:

Քիմիական ամորձատման դեպքում տղամարդն օրենքով սահմանված համապատասխան նյութեր է ընդունում, որոնք սահմանափակում կամ խափանում են օրգանիզմում տեստոստերոնի արտադրությունը: Ի տարբերություն մեխանիկական ամորձատման՝ այս տարբերակը վիրահատական միջամտություն չի պահանջում:

Քիմիական ամորձատումն օրինականացվել է 1996թ.-ին Կալիֆոռնիա նահանգում: Այն գործում է նաև Ֆլորիդա և Տեխաս նահանգներում: