Ղազախստանից և ՌԴ–ից ֆիզիկական անձանց կողմից դեպի ՀՀ արագ դրամական փոխանցումների վերաբերյալ որևէ առանձին սահմանափակում չկա. ԿԲ

17:30 • 05.06.19

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ, տեղեկացնում է Կենտրոնական բանկը:

«ՀՀ կենտրոնական բանկը, ուսումնասիրելով տեղեկությունները, կապ է հաստատել գործընկեր կառույցների հետ, և ստացել հավաստիացումներ, որ դեպի Հայաստան փոխանցումների հետ կապված, կարգավորող մարմինների կողմից սահմանված չեն որևէ առանձին սահմանափակումներ, և առկա սահմանափակումները չեն վերաբերում երկրներին՝ առավել ևս ՀՀ-ին։

Ավելին՝ պարզվել է, որ Ղազախստանից դեպի Հայաստան փոխանցման սահմանափակումը մասնավոր դեպք է, և կապված է ոչ թե Հայաստանի հետ, այլ հաճախորդի կողմից սահմանված չափը գերազանցող գումարի փոխանցման հետ»,– ասվում է ԿԲ պարզաբանման մեջ։