Թրամփը, Եղիսաբեթ II-ը և այլ առաջնորդներ՝ 2-րդ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայի ազատագրման 75-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր ներկա են գտնվել ամերիկյան և անգլիական զորքերի կողմից նացիստների շրջափակման մեջ գտնվող Ֆրանսիա ներխուժման 75-րդ տարելիցի հանդիսավոր արարողությանը, գրում է Daily Mail-ը:
Եղիսաբեթ II-ը ճառ է արտասանել՝ հարգանքի տուրք մատուցելով ազատագրումը վերապրած 300 վետերանների, որոնք ներկա էին միջոցառմանը:
«Յոթանասունհինգ տարի առաջ հարյուր հազարավոր երիտասարդ զինվորներ և նավաստիներ լքեցին ցամաքը՝ ազատություն փնտրելու: Նրանցից շատերը չվերադարձան, և մարտում ընկածների հերոսությունը, խիզախությունն ու զոհաբերությունը երբեք չեն մոռացվի: Համեստությամբ և գոհունակությամբ ամբողջ երկրի, ինչպես նաև ամբողջ ազատ աշխարհի անունից ձեզ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում»,- իր ճառում ասել է թագուհին:
Թրամփը նույնպես հանդիպել է վետերաններին, ապա հրաժեշտ տվել թագուհուն՝ շնորհակալություն հայտնելով եռօրյա ընդունելության համար: «Հրաշալի կին է»,- ասել է Թրամփը, ինչին թագուհին պատասխանել է՝ Թրամփին նորից Մեծ Բրիտանիայում ընկալելու հույս հայտնելով:
1944թ.-ի հունիսի 5-ին անգլիական և ամերիկյան զորքերը ամերիկյան գեներալ Էյզենհաուերի հրամանատարությամբ հաջողությամբ անցել են Լա Մանշ նեղուցը և դուրս եկել ֆրանսիական ափ։ Բացվել է երկրորդ ճակատը, և Գերմանիան պատերազմի հինգերորդ տարում հարկադրված է եղել կռվել երկու ճակատով։ Այսպիսով՝ սկսվել է Ֆրանսիայի ազատագրումը։ 1944 թ. օգոստոսի 19-ին Փարիզում ապստամբություն է բարձրացել, որը մի քանի օր անց պսակվել է հաղթանակով։ Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը՝ գեներալ դը Գոլի գլխավորությամբ։



















