Հանքարդյունաբերության, ջրօգտագործման ոլորտներին առնչվող մոտ 400 խախտումների արձանագրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին. Է. Գրիգորյան
Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Մարիյասին այսօր մամուլի ասուլիսին խոսելով Շրջական միջավայրի օրվա մասին, ընդգծեցին, որ այս տարվա թեման մթնոլորտի աղտոտումն է:
Դմիտրի Մարիյասին շնորհավորեց նախարարին նախարարության նոր ձևաչափի համար կարծիք հայտնեց, որ դա թույլ կտա հարցերի ավելի շատ շրջանակ է ընդգրկել: «Հայաստանը նախարարի առաջնորդությամբ մտադիր է շատ բան անել օդի աղտոտման խնդրին լուծումներ տալու համար»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի ակտիվ դիրքորոշման արդյունքում ավելի շատ ֆինանսավորում կգա:
Նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այսուհետ նախարարությունը փոխհատուցման սկզբունքից անցում է կատարում կանխարգելման սկզբունքին: «Երկրորդ էական փոփոխությունը խոշոր աղտոտումների և ապօրինի գործունեության վրա մեր աշխատանքների կենտրոնացումն է: Բնապահպանական վճար վճարողների ավելի քան 99 տոկոսը վճարում է պակաս 100 հազար դրամից և յոթանասուն տոկոսը՝ պակաս 20 հազար դրամից»,-ասաց նա և նշեց, որ այդ համակարգը վերանայելու են և աշխատանքներ են ուղղելու խոշոր աղտոտող ընկերություններին և ապօրինի գործունեությանը:
Նախարարը հայտնեց, որ համագործակցության շրջանակներում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս հաստատվել է մոտ 20,27 միլիարդ դրամի 14 դրամաշնորհային ծրագիր, ինչը գերազանցում է բյուջետային ֆինանսավորումը:
«Նախորդ ժամանակահատվածում մոտ 400 խախտումների արձանագրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին, որոնք վերաբերում են հանքարդյունաբերության, ջրօգտագործման ոլորտների խախտումներին: Ջրօգտագործման ոլորտում խախտումները 100-ից անցնում են և համեմատության համար ասեմ, որ նախկինում ջրօգտագործման ընդամենը տասնհինգ խախտում էր ներկայացվել»,-ասաց նախախարը և հավելեց, որ փորձաքննական համակարգն է ամբողջովին փոխվել:
Նա հայտնեց, որ որևէ նոր ձկնաբուծության թույլտվություն այս ընթացքում չի տրվել:










