Ցանկացած բռնություն չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը. Իվետա Տոնոյանը՝ ՀԱԿ ակտիվիստի ծեծի ենթարկվելու մասին

14:17 • 05.06.19

Բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը, ցանկացած այդպիսի դրսևորում պետք է բացառել, այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկվելուն, ինչպես նաև երեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամների այցելություններին ոստիկանություն, որտեղ վերջիններս պնդել էին, թե իրենք են ծեծել ակտիվիստին:

«Այս ամենը տեղավորվում է այն մտայնության մեջ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք: Այսինքն՝ հասարակության մեջ որոշակի անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պատճառահետևանքային կապի տրամաբանության մեջ է տեղավորվում»,- ասաց նա ՀՅԴ-ականների ակցիայի մասին և հավելեց.

«Մյուս կողմից էլ ցանկացած տեսակի բռնության դրսևորում չի կարող արդարացնել կոնկրետ երևույթը: Ցանկացած նմանօրինակ դրսևորում նախևառաջ պետք է բացառել: Հուսով ենք՝ եթե կլինեն նման կարգի դրսևորումներ, ապա հնարավոր կլինի հարթել առանց բռնության կիրառման»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ օրենքի առջև բոլորն են հավասար և տեղի ունեցածը բացառապես պետք է տեսնել այս տիրույթում:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բազմաթիվ ՀՅԴ-ականներ այցելել էին ոստիկանության Կենտրոնի բաժին և հայտնել, թե իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին իր գրառումների ու ձևակերպումների համար:

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դա քայլ էր՝ հանրությանը ցույց տալու, որ չի կարելի այլևս հանդուրժել տարածված թշնամանքը։