«Եկեք ոչինչ չբացառենք». Վալերիյ Օսիպյանը՝ «Մարտի 1»-ի գործով ոստիկանության նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելու մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին։ Վերջինս կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:
ՀՀ ոստիկանապետն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե հիմնավորվի նրա արարքը, ապա պետք է պատասխանատվություն կրի։
«Անկեղծ ասած, ձերբակալված անձն ինձ մոտ միշտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կատարել է։ Կատարվածը չեմ կարող բացատրել ՝ նախաքննությունը կպարզի, բայց եթե մեղավոր է, ապա պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտման շրջանակում ոստիկանության նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնայներ ձերբակալվեն, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Եկեք ոչինչ չբացառենք»։
«Եթե պարզվի, որ որևէ մեկը մեղավոր է, անկախ նրանց, թե ով է, անգամ գնդապետ Օսիպյանը՝ ես, լինելով ՀՀ ոստիկանության պետ, մեղադրվում եմ որևէ հարցով, ապա թող պատասխանատվություն կրեմ օրենքի ողջ խստությամբ»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանապետն անդրադարձավ նաև ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը ջարդելու հայտարարությանը՝ նկատելով, որ երեկոյան նման հայտարարություն է արել, իսկ առավոտյան բերման է ենթարկվել։
«Ոստիկանությունը կոչերն ուսումնասիրել է, վարույթ է իրականացնում և ընթացքը պարզ կլինի։ Եթե ինքը դրսում է, դա չի նշանակում, որ վարույթը կասեցված է, ընթացքը ցույց կտա»,- եզրափակեց Վալերիյ Օսիպյանը։
Նշենք, որ ոստիկանությունը հունիսի 4-ին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ջիվան Աբրահամյանի կողմից Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցումը մերժվել է։










